Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (ք․ Երևան, Շիրակի փ․)։


Մասնավորապես՝


- սանհանգույցի դուռը բացվում էր դեպի արտադրական շինություն որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն,


- արտադրական շինությունում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական հագուստ,


- շինության հատակների մակերևույթների մի հատվածը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հեշտորեն չի լվացվել, անհրաժեշտության դեպքում ախտահանվել, ինչպես նաև պատշաճ ձևով ցամաքեցվել,


- պատերի մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում, ախտահանել,


- առաստաղի մակերևույթի մի հատվածը ապահով չի եղել, ինչը նպաստել է առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությանը ու խոնավության խտացմանը,


- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,


- սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող  սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը գտնվել են ոչ բարվոք վիճակում,


- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։


Հացի արտադրամասի արտադրական  գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։