Կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը խուլիգանություն կատարելու հիմքով բերվել էին Կենտրոնի ոստիկանության բաժին։ Այս մասին
Civic.am-ի հետ զրույցում փոխանցեցին ՆԳՆ լրատվության վարչությունից ու հավելեցին, որ գործն արդեն Քննչական կոմիտեում է։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել ակումբներից մեկի մոտ: «Խուլիգանության հետ կապված ահազանգ է եղել, և դեպքի վայրից ոստիկանները երեք անձի են բերման ենթարկել։ Քրեական վարույթ է նախաձեռնված Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այս պահին քննչական գործողություններ են կատարվում»,- ասաց Գոռ Աբրահամյանն ու նշեց, որ Արման Երիցյանը և Կարեն Հակոբյանը ձերբակալված են։
Նշենք, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վաղ առավոտյան ՖԲ իր էջում
գրառել էր, որ կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը բերման են ենթարկվել: «Ակնհայտ է, որ նրանց հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները, ասում են՝ հեռախոսները փողոցում են գտել։ Թե ինչ է կատարվում ներսում՝ կարելի է առաջնորդվել երևակայությամբ»,- նշել էր նա։