20 զինվորի կորստի գործով ամբաստանյալ «Ցորի» հրամանատարի դատական նիստը հետաձգվեց. մեղադրողը անհիմն համարեց կալանավորումը ստորագրությամբ փոխելու միջնորդությունը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
44-օրյա պատերազմի ժամանակ 20 զինծառայողի կորստի համար մեղադրվող «Ցորի» հրամանատարի՝ Գևորգ Գևորգյանի գործի քննությունը շարունակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում։ Նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ Գևորգյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով։
Դատարանը նախորդ նիստը հետաձգել էր հանրային մեղադրողին և տուժողների ներկայացուցիչներին դիրքորոշում հայտնելու համար ժամանակ տրամադրելու նկատառումով:
Այսօրվա նիստի ընթացքում հանրային մեղադրողը խափանման միջոցը փոխելու միջնորդության հիմնավորումները անհիմն համարեց։ Մեղադրող կողմը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ 23 վկաներից ընդամենը 9-ն են հարցաքննվել, հետևաբար վկաների նկատմամբ Գևորգյանի կողմից ազդեցության գործադրումը դեռևս առկա է, իսկ վկաների գերակշիռ մասը Գևորգյանի հետ գտնվում է պետ-ենթակա հարաբերությունների մեջ։ Մեղադրող կողմը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ Գևորգյանին մեղսագրվում է ծանր հանցագործությունը, ինչը չնայած ինքնին չի կարող պատճառ հանդիսանալ խափանման միջոց ընտրելու համար, սակայն կա վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որով մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և ծանրության աստիճանը թեև չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմք, սակայն դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակը ընտրելիս։ Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթից թաքնվելու կարևոր տարր։
Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի պաշտպանը միջնորդեց դատարանին հետաձգել դատական նիստը իր վատառողջ լինելու պատճառով։ Վերջինիս ձայնը կտրված էր և ֆիզիկապես չէր կարող ներկայացնել իր դիրքորոշումը։ Այսպիսով դատարանը հետաձգեց դատական նիստը։ Նոր նիստ նշանակվեց մայիսի 8-ին, ժամը 12։30-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանը 2020թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Վարանդայի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում զինվորական մեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, ինչի հետևանքով առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել. զոհվել են մարտկոցի 20 զինծառայողներ, իսկ մեկն անհետ կորած է։ Նկարագրվածին նախորդել է հակառակորդի հարձակումը, և մեկ այլ դրվագով մեղադրյալի կարգավիճակում է (ազատության մեջ է) Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Ըստ մեղադրանքի՝ նա համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, իսկ մոտեցող խմբավորումն իրականում եղել է ադրբեջանական ստորաբաժանում։
Վովա Հակոբյան