Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ նախագահող դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 17-ին, շարունակվեց ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։
Մեղադրող դատախազը միջնորդեց լրացուցիչ փաստաթղթեր կցել գործին՝ մասնավորապես 2021թ. analitik.am կայքում հրապարակված Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ «Պետք է պատրաստ լինենք կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը» վերտառությամբ, ինչպես նաև Վազգեն Մանուկյանի կողմից առաջարկված պլան Ա և պլան Բ ուղղությունների վերաբերյալ հասարակության ընկալումներին առնչվող փաստերը, որոնց հիմքով ՔԿ-ում կրկին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ նախկին ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։
Վազգեն Մանուկյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը առարկեցին՝ նշելով, որ կրկին դատվելու անթույլատրելիության մասին է խոսքը, քանի որ Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը այդ հայտարարությունների հիմքով է։ Սակայն մեղադրող դատախազն ընդգծեց, որ քրեական գործի հարուցումը վերաբերում է ոչ թե Վազգեն Մանուկյանի ելույթին, այլ դրա ընկալումներին հասարակության տարբեր շերտերի մոտ: «Դա վերաբերում է նաև Արցախի հերոս Արշավիր Ղարամանյանի կողմից ՖԲ իր էջում կատարած գրառումներին, որը դիմում է նշված ելույթը կատարած անձանց՝ հարցադրում կատարելով՝ ի վերջո ո՞ւր է պլան Բ-ն։ Եվ՝ կրկին անգամ դատվելու անթույլատրելիության մասին առհասարակ խոսք լինել չի կարող, քանի որ նշված վարույթների քննության առարկան բացարձակապես տարբեր է»,-ասաց դատախազը։
Դատավոր Վահե Միսակյանը որոշեց փաստաթղթերը կցել գործի նյութերին, այնուհետև դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ։ Դատախազն իր ճառում նշեց, որ Վազգեն Մանուկյանը կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հայտարարություններ՝ մեջբերելով «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի կողմից արված հայտարարությունները։
Դատախազն առաջարկեց Վազգեն Մանուկյանին մեղավոր ճանաչել Քրեական հին օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն և որպես պատիժ կիրառել տուգանք՝ 500-ապատակի չափով։
Վազգեն Մանուկյանի պաշտպանական կողմն էլ իր ճառում ընդգծեց, որ Վազգեն Մանուկյանի մեղադրանքն անհիմն է և մեղադրանքը չի ապացուցվել։
Դատական նիստը հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով։ Հաջորդ նիստը կկայանա մայիսի 29-ին։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքներից մեկի ժամանակ հնչեցրել էր կայծակնային արագությամբ ապստամբելու մասին կոչ. «Ցանկացած պահ՝ դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին»։ Նրա հայտարարություններից մեկն էլ հետևյալն է. «Շաբաթ օրը կանենք հսկայական հանրահավաք, որտեղ ցույց կտանք, որ մեր ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և կշարունակենք գնալ առաջ։ Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ։ Այս ժողովրդի մեջ մի 5000 գոնե երիտասարդ կան, որ շատ հիասթափվում են, ասում են՝ եկեք-գնանք, ջարդենք, էս շենքը վերցնենք, այն շենքը։ Սպասեք, ձեր կարիքը կարող է գալ, բայց ավելի լավ կլինի, որ ձեր կարիքը չլինի, ինքն իրեն այդ ամեն ինչը արվի»։
Հիշեցնենք նաև, որ Վազգեն Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց։