Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստում վերջինիս պաշտպանը միջնորդեց անցնել դռնփակ ռեժիմի, դատարանը դա ժամանակավրեպ համարեց
Այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Նախ քննարկվեց փաստաթղթերի թարգմանության հարցը։ Մեղադրող կողմը գրավոր թարգմանության կարիք չէր տեսնում, պաշտպանական կողմը հակառակը՝ խնդրում էր, որ պետք է թարգմանությունը գրավոր արվի։ Դատարանը ևս գտավ, որ բանավոր թարգմանությունը բավարար է՝ գրավորի կարիք չկա։

Ապա Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին անցնել դռնփակ ռեժիմի, որի ընթացքում կկարողանա այլ միջնորդություն ներկայացնել։ Ըստ պաշտպանի, իր այդ միջնորդությունը նա չէր կարող անել դռնբաց դատական նիստում։

Դատարանը՝ դռնփակ ռեժիմի անցնելու միջնորդությունը ժամանակավրեպ համարեց և չընդունեց։

Թարգմանիչն էլ իր հերթեին մատնանշեց որոշ փաստաթղթեր, որոնք ավելի նպատակահարմար կլինի գրավոր թարգմանել։ Ապա ֆիքսվեց, թե կոնկրետ ո՞ր էջերը անհրաժեշտություն կա գրավոր թարգմանելու։ 

Հաշվի առնելով թարգմանչի և կողմերի դիրքորոշումները դատարանը որոշեց գործի կոնկրետ թերթերն ուղարկել գրավոր թարգմանության։ 

Ապա, Գևորգյանի պաշտպանը միջնորդեց դատարանին թույլատրել իր պաշտպանյալին ապրիլի 23-ից մինչև ապրիլի 29-ը ժամանակավորապես բացակայել ՀՀ տարածքից՝ ԵԽԽՎ երկրորդ նստաշրջանի աշխատանքներին ներկա գտնվելու համար։

Դատարանը բավարարեց միջնորդությունն ու թույլատրեց Արմեն Գևորգյանին նշված ժամանակահատվածում բացակայել Հանրապետությունից։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի մայիսի 2-ին, -ամը 13-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի` 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ 1 մլն և փողերի լվացման մեջ։