Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ալեքսանդր Պետրակովն ամսական 20 հազար եվրո աշխատավարձ էր ստանում ՀՖՖ-ից, հաղորդում է Fast Media-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը, որը մանրամասներ է հայտնել Հայաստանի հավաքականում ուկրաինացի մասնագետի աշխատավարձի վերաբերյալ։
«Ալեքսանդր Պետրակովի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու պահից ի վեր մամուլում մշտապես շահարկվել է նրա ստացած աշխատավարձի չափը: Նշվել է, որ նա տարեկան ստանում է 600 հազար եվրո, իսկ վերջերս նաև հանդիպել եմ անհիմն տեղեկություններ, որ նրա աշխատավարձը կազմում է շուրջ 2 միլիոն եվրո:
Ասեմ, որ այս թվերը ոչ միայն իրական չեն, այլև կիլոմետրերով հեռու են իրականությունից: Ես ի սկզբանե տիրապետել եմ իրական թվերին, ուղղակի, էթիկայից ելնելով, հարկ չեմ համարել բարձրաձայնել դրանց մասին: Հիմա, երբ Պետրակովն արդեն ավարտել է իր գործունեությունը Հայաստանի հավաքականում, կարող եմ հանգիստ ասել, որ նրա ամսական աշխատավարձը կազմել է մոտ 20 հազար եվրո, ինչը, ի դեպ, ավելի քիչ է, քան Հայաաստանի ազգային հավաքականում աշխատած որոշ հայազգի մարզիչներինը»,- սոցցանցերում գրել է Սուրեն Մելիքսեթյանը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից 0-2 հաշվով կրած տնային պարտությունից հետո Ալեքսանդր Պետրակովը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ Ուկրաինացի մասնագետը 2023թ․ հունվարից էր գլխավորում Հայաստանի հավաքականը, որը նրա գլխավորությամբ անցկացրել է 18 հանդիպում, տարել 4 հաղթանակ, կրել 10 պարտություն ու գրանցել 4 ոչ-ոքի։