Գյումրիի կառավարումը բարձիթողի վիճակում է․ Անհարգալից վերաբերմունք՝ գյումրեցիների նկատմամբ

Երեկ Գյումրու համայնքապետարանի ստորաբաժանումների պետերը անսպասելի որոշում են ստացել համայնքապետ Վարդգես Սամսոնյանից, ըստ որի համայնքապետը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ից սկսած, ինքը քաղաքը կառավարելու է հեռավար։


Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ փաստացի ստացվում է, որ այս պահին Գյումրիում որևէ պատասխանատու չկա, որը պետք է քաղաքի կառավարումն իրականացնի։


«Ինչպես գիտեք, վերջին գործողությունների արդյունքում երկրորդ փոխքաղաքապետն այժմ տնային կալանքի տակ է, առաջին փոխքաղաքապետը, ով նաև ավագանու անդամ է, տեղյակ չենք որտեղ է, և քաղաքապետն ըստ իր որոշման՝ հիվանդության պատճառով ի վիճակի չէ քաղաքը կառավարել և իրականացնել իր լիազորությունները։  Սա անհարգալից վերաբերմունք է բոլոր գյումրեցիների նկատմամբ, որովհետև գյումրեցիները քվե են տվել և ակնկալում են, որպեսզի քաղաքը պատշաճ կառավարվի։ Փաստացի Բալասանյան դաշինքը ձախողում է այդ կառավարումը և չի ստանձնում իր առջև դրված պարտավորությունները, ավելին՝ քաղաքապետն ու փոխքաղաքապետերը, եթե նրանցից մեկը հասկանալի պատճառով չի կարող իր լիազորություններն իրականացնել, որովհետև տնային կալանքի տակ է, ապա մյուս փոխքաղաքապետը առնվազն պիտի փոխարիներ քաղաքապետին և այդ գործառույթները ստանձներ»,- ասաց Քնարիկ Հարությունյանը։


Քնարիկ Հարությունյանը կարծում է, որ այս գործողություններում քաղաքական ենթատեքստ կա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու վերջին նիստը Բալասանյան դաշինքն ու Հանրապետական խմբակցությունը բոյկոտել են, թեև նրանք պաշտոնական հայտարարություն չեն տարածել և որևէ կերպ չեն մեկնաբանել իրենց բոյկոտը։  


Ինչ վերաբերում է առաջին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի բացակայությանը՝ Քնարիկ Հարությունյանն ասաց, որ քաղաքում լուրեր են պտտվում, որ նա գտնվում է արձակուրդում, բայց քաղաքապետարանի կայքում այդ մասին հավաստող որոշման չի հանդիպել։


Քնարիկ Հարությունյանի խոսքով, եթե փաստացի քաղաքապետը չի կարողանում իր լիազորություններն իրականացնել, քանի որ իր աշխատանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ապա նույնիսկ, եթե մի պահ  պատկերացնենք, որ առաջին փոխքաղաքապետն արձակուրդում է, նա նույն վայրկյանին պիտի ստանձներ այդ լիազորությունները և ղեկավարեր քաղաքը։ Հիմա քաղաքը թողել են բարձիթողի վիճակում և ինքը չի կարողանում պատկերացնել, թե հետագա իրադարձություններն ինչպես պիտի զարգանան, կամ ինչպես է ընդհանրապես հնարավոր հեռավար կառավարում իրականացնել։


  «Իդեպ, նաև ուզում եմ շեշտել, որ երբ մենք ավագանու նիստում քննարկում էինք նախկին քաղաքապետերի ապօրինի որոշումները, դատախազության հայցերը, որոնցով մենք պիտի դիմեինք դատարան, հենց Բալասանյան դաշինքը տարբեր առիթներով շեշտում էր, որ մենք, իբր՝ քաղաքական պրոցեսները շփոթում ենք իրավական պրոցեսների հետ և փորձում ենք այս երկուսը միաձուլել, բայց հիմա ստացվում է, որ այդ նույն գործընթացն իրենք են իրականացնում և իրավական գործընթացը զուգակցում են քաղաքական պրոցեսների հետ։ Ինչ վերաբերվում է Խաչատուր Բալասանյանի կալանավորմանը, տնային կալանքին, և նաւ փոխքաղաքապետի, ապա սա զուտ իրավական գործընթաց է և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կպարզվի և պարզ կդառնա՝ այդ մարդիկ որևէ կերպ ներգրավվածություն ունեն կոռուպցոին սխեմաների, գործարքների մեջ, թե ոչ։ Բայց դա չի նշանակում, որ այդ կալանավորման վերջնարդյունքը կամ արդյունքը պիտի լինի քաղաքը կոլապսի տանելը»,- ասաց Քնարիկ Հարությունյանը։


Հիշեցնենք, որ օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ։


Նա ձերբակալվել է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։


Վերջինիս  ձերբակալությունից հետո նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին Գյումրու քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և քաղաքապետի մյուս տեղակալ Լուսինե Սանոյանի հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի  տեղակալ Ռուբեն Սանոյանը։


Ռուբեն Սանոյանը ձերբակալությունից որոշ ժամանակ անց ազատ է արձակվել, իսկ Սուրեն Ջանոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 20 մլն դրամ գրավն ու տնային կալանքը։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան