Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց Գլխավոր դատախազության՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, ներկայացրած հայցադիմումի քննությունն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա կնոջ, որդու, դուստրերի, Աբրահամյանի հետ փոխկապակցված այլ անձանց։
Ըստ հայցադիմումի՝ Դատախազությունը Աբրահամյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 59 անշարժ գույք, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր։
Պատասխանող կողմը դատարան էր ներկայացել 7 պաշտպաններով։ Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրը ներգրավել էր մեկ, որոշ դեպքերում մեկից ավելի պաշտպաններ։ Նրանցից ոմանք նոր էին ներգրավվել, նաև, իրենց խոսքով, չէին ստացել գործի նյութերը, ուստի միջնորդեցին դատարանին հետաձգել դատական նիստը՝ մեկ ամիս ժամկետ տրամադրելով իրենց՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Դատախազը նշեց, որ Աբրահամյանի հետ փոխկապակցված Բագրատունի Բարսեղյանը 2022 թվականի օգոստոսի 30-ին ծանուցվել է, իսկ 2023 թվականի մարտ ամսին՝ հայցադիմումը կազմելուց առաջ, ևս նյութերն ուղարկվել են պատասխանող կողմին։ Պատասխանողի ներկայացուցիչն ասաց, որ իրենք դրանք չեն ստացել։
Դատարանը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը, որից հետո պատասխանող կողմը դատարանից ժամանակ խնդրեց, որպեսզի կարողանա գրավոր կերպով դատարանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել։
Դատարանն էլ ի պատասխան նշեց, որ բացարկ հայտնելու համար ժամանակ չի տրամադրվում, երբ պատասխանող կողմը գրավոր կերպով ներկայացնի միջնորդությունը, այդ ժամանակ էլ այն կքննվի, միաժամանակ արձանագրեց, որ դատարանը պատասխանող կողմի քայլերում քննությունը խափանելու, ձգձգելու միտում է նկատում։
Պատասխանող կողմը բացարկի մեկ այլ միջնորդություն ներկայացրեց։ Այս միջնորդությունն արդեն նախօրոք, գրավոր կերպով պատրաստված էր, պաշտպաններից մյուսն էլ տեղում, ձեռագրով էր բացարկի վերաբերյալ միջնորդություն պատրաստում։
Դատարանն այս միջնորդությունն էլ մերժեց։ Ճիշտ է, այն նախօրոք գրավոր կերպով կազմվել էր, սակայն ընդամենը մեկ օրինակից էր կազմված, և պատասխանողը չկարողացավ օրինակներ տրամադրել դատավարության մյուս մասնակիցներին ևս։ Այսպիսով, դատարանը միջնորդություն ներկայացնելու համար նախատեսված պահանջները չպահպանելու պատճառով միջնորդությունը չքննարկեց։
Ապա հայցվոր կողմ հանդիսացող դատախազը ներկայացրեց հայցի հիմքերը՝ նշելով, որ իրավասու մարմնի կողմից ձեռք բերված տվյալներով՝ շուրջ 59 անշարժ գույքերի ձեռքբերումները չեն հիմնավորվել Հովիկ Աբրահամյանի օրինական եկամտի աղբյուրներով։ Ապա դատախազը սկսեց ներկայացնել բռնագանձման ենթակա անշարժ գույքերը՝ բնակարաններ, հողատարածքներ Երևանում և տարբեր մարզերում, ավտոմեքենաներ, ավտոկայանատեղիներ և այլն, նաև՝ տարբեր ընկերություններում մասնակցություններ ու բաժնետոմսեր։
Մոտ կես ժամ տևած թվարկումից հետո դատարանն առաջարկեց 15 րոպե ընդմիջում հայտարարել։
Ընդմիջումից հետո դատախազն անցավ հայցադիմումի առարկայի ներկայացմանը։
Այսպիսով, դատախազությունը Հովիկ Աբրահամյանից, նրա ընտանիքի անդամներից և փոխկապակցված այլ անդամներից պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 59 անշարժ գույք և 26 մլրդ դրամ գումար։
Հաշվի առնելով, որ պատասխանողների ներկայացուցիչները դեռևս չեն ծանոթացել գործի նյութերին, դատարանը որոշեց նիստը հետաձգել և փաստաբաններին ժամանակ տրամադրել ծանոթանալու դրանց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 16-ին, ժամը 10-ին։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան