Երկրիս բարձր դատարանի դատավորները, բացառությամբ մեկի, հայտնվել են ընդդիմության վուլգար հակաքարոզչության թիրախում, այն բանի համար, որ Սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտնել են մասնագիտական կարծիք՝ այն չի հակասում ՀՀ Մայր օրենքին։ Նախորդ շաբաթ ԱԺ ամենաբարձր ամբիոնից էին օպոզիցիայի կարկառունները՝ ամեն մեկն իր կարդացածության ու փչացածության չափով, կարծիք ու վերաբերմունք արտահայտում ՍԴ-ի հանդեպ՝ վերջինիս մեղադրելով «Նիկոլ Փաշինյանի սրտի եզրակացությունը տալու» մեջ, այսօր էլ ձայնեղ լուտանքները փոխակերպվել են անձայն՝ պատկերների միջոցով արտահայտվող հակաքարոզչության։ Մասնավորապես «սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ երևում է, որ Մյասնիկյան պողոտայի էլեկտրասյուների վրա փակցված են ՍԴ դատավորների լուսանկարները՝ կից գրությամբ. «Նիկոլի ծառա»։ Այդ «ծառաների» թվում, սակայն, ՍԴ մեկ այլ դատավոր՝ ՀՀԿ-ի իշխանություն եղած ժամանակ ՍԴ նախագահ դարձած Հրայր Թովմասյանը, չկա։ Նա, հիշեցնենք, հատուկ կարծիք էր հայտնել ՍԴ եզրակացության վերաբերյալ և իր գործընկերներին մեղադրել «Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գնահատման և մեթոդաբանության մի շարք էական խախտումներ» թույլ տալու մեջ։ Սրբազանիստներն ու նրանց գործողություններին տոն տվող և հուշումներ անող մանդատավոր գործընկերները, փաստորեն, Հրայր Թովմասյանին չեն գամել անարգանքի սյունին, գուցե այն պատճառով, որ նրան համարում են ծառա, միայն թե՝ իրե՛նց սրտի ծառան։
Ի դեպ, ընդդիմությունը, խոսելով դատական
համակարգի մասին, մինչև օրս երեսով է տալիս
2019-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանները, այդ թվում ՍԴ-ն, շրջափակելու աղմկահարույց ակցիան, այն համարում
«խայտառակություն, հարձակում արդարադատության վրա»։ Հիշեցնենք, որ Գալստանյանի առաջնորդած այս
շարժման վերջին հանրահավաքի ժամանակ էլ
որոշվեց ակցիա իրականացնել ՍԴ-ի դիմաց։ Սահմանադրական դատարանի առջև
լարված իրավիճակ էր։ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
քաղաքացիները Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Սահմանադրական
դատարան, իրենց ձևակերպմամբ՝ հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու
բոլոր այն դատավորներին, որոնք սահմանադրական են ճանաչել սահմանազատման
հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։
Մասնակիցները որոշ ժամանակ փակ պահեցին Բաղրամյան պողոտան, իսկ մինչ ՍԴ-ի
մոտից հեռանալը նրանք թերթիկներ թողեցին այնտեղ՝ «դատավո՞ր, թե՞ ծառա» գրությամբ:
2019-ին տեղի ունեցած ակցիան քննադատած ընդդիմության համար,
ինչպես երևում է, «օկ» է երկրի բարձր դատարանի դատավորներին թիրախավորելը, ամոթանք
տալը, երևի այն պատճառով, որ նման ցածրակարգ
ակցիաները, ինչպես, ասենք, Հ1-ի եթերում ուղերձ հղելը, դիտարկվում են որպես «սրտի հովանք» և հերթական «բարոյական հաղթանակ»-ը իշխանության
հանդեպ։
Հ.Գ. Հիշեցնենք, որ հունիսին էլ սրբազանիստները մեկ այլ ակցիա էին իրականացրել՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և իրենց դուր
չեկած այլ հանրային գործիչների
պատկերներով պաստառները փակցրել էին Երևանի տարբեր հատվածներում և կից գրել՝ «30 արծաթով հայրենիքը վաճառածներ»։ «Արծաթի» վրա պատկերել էին մատնահետք
և թուրքական դրոշը։
Եվ այսքանից հետո փողոցային
պայքարի «սրբազան» կատարածուները խոսում են
հանրային համերաշխության ու համախմբման մասին ու սաղմոսներից մեջբերումներ անում։
Հ. Մ.