«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Տիգրան Օհանջանյանի գործով կայացրեց վճիռ և ճանաչեց կյանքի իրավունքի խախտման փաստը»,- այս մասին Civic.am-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Ընդ որում, շատ կարևոր արձանագրում է արել Եվրոպական դատարանը՝ փաստելով, որ պետությունը պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել քննության ընթացքում։ Այսինքն՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումը տեղի է ունեցել ինչպես բովանդակային առումով, այսինքն՝ կյանքի իրավունքի խախտումով, այնպես էլ ընթացակարգային առումով։ Պետությունը երկու բաղադրիչի մասով էլ այս առումով ճանաչվել է խախտում թույլ տված կողմ։ Ավելին, 2018 և 2021 թվականների կասեցումից հանելուց հետո պետությունը, ըստ էության, որևէ ջանք չի գործադրել և այսօրվա դրությամբ էլ կարող եմ պնդել՝ ջանք չի գործադրում դեպքը բացահայտելու ուղղությամբ։ Դա արձանագրված է ՄԻԵԴ-ի այսօր հրապարակված վճռով»,- ասաց Արայիկ Պապիկյանը։
Նա նշեց, որ այս պահին շարունակվում է քննությունը, և կարծում են, որ վճռում արձանագրված խախտումներին գոնե պետությունն ուշադրություն կդարձնի, որովհետև իրենք պարբերաբար բարձրաձայնել են, ներկայացրել են, ըստ էության կամ չի կատարվել, կամ ձևական ընթացք է տրվել, և հույս ունեն, որ ԵԴ-ի այսօրվա վճիռը կստիպի պետությանը, քննչական մարմնին, դատախազությանը պատշաճ քայլեր ձեռնարկել։
«Ցավոք սրտի, ստացվում է այնպես, որ մինչև ԵԴ-ն ի վնաս պետության դատական ակտ չի կայացնում, մեր իրավասու մարմինները չեն աշխատում, որովհետև ԵԴ-ի այսօրվա վճռի մեջ նշված խախտումներն առնվազն վերջին երեք տարվա մեջ Տիգրան Օհանջանյանի մայրը՝ տիկին Գոհարը, իր ներկայացուցչի հետ ամենօրյա ռեժիմով ներկայացրել են՝ և՛ գրավոր, և՛ բանավոր»,- ասաց Արայիկ Պապիկյանը։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը կասկածելի հանգամանքներում մահացել է 2007թ. օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասում։ Պաշտոնական տվյալներով՝ մահվան պատճառը մարմնի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն է: Տիգրանի մայրը, սակայն, մշտապես հայտարարում է, որ իր որդուն սպանել են, իսկ էլեկտրահարման «էֆեկտը» ստեղծվել է հետմահու. զինվորի մարմնի վրա առկա են եղել բռնության բազմաթիվ հետքեր, ինչը հաստատվում է նաև հերձումից առաջ արված լուսանկարներով:
Նշենք նաև, որ Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, շուրջ 16 տարի պայքարում է արդարության հաստատման համար։
Լիլիթ Թադևոսյան