Խուլիգանություն՝ Թաիրով գյուղի գիշերային ակումբում. միջադեպի մասնակիցներից են Փարաքարի համայնքապետը և նրա ընկերը. նախաձեռնվել է քրեական վարույթ
2023թ.-ի ապրիլի 23-ին, գիշերը, Արմավիրի մարզի Թաիրով համայնքում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Ոստիկանությունից ստացված նյութերի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են ակումբի տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները: Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Այդ նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»,- գրել է նա։

Նշենք, որ Civic.am-ի տեղեկություններով՝ միջադեպի անմիջական մասնակիցներից են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ստեփանյանը և նրա ընկերը՝ Գոռ Մարտիրոսյանը։