12-ամյա պարտադիր կրթության իրավունքի իրացման համար տարկետում կտրվի մեկ անգամ՝ ուսումնառության ողջ ընթացքի համար

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:


Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն ու կրթության շարունակականության իրավունքի իրացման գործընթացի հեշտացումն է:


«Օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն ենք ընձեռում ուսումնառության ողջ ընթացքի համար տարկետում ստանալ մեկ անգամ՝ այն քաղաքացիներին, որոնք շարունակում են կրթությունը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ պարտադիր 12-ամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման շրջանակում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: