«Արցախի Արեգա սարի բարձունքը գրաված չեն եղել հայ զինծառայողները, պարզապես որոշակի հաջողություն են ունեցել այդ տարածքում, իսկ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն էլ նահանջի հրաման չի տվել»,- այս մասին պնդում է Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Այսօր՝ ապրիլի 25-ին, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի գործով դատական նիստն էր հակակոռուպցիոն դատարանում, որն անցավ դռնփակ։ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իր լիազորություններից դուրս գալու և Արեգա սարի բարձունքը գրաված յուրայիններին նահանջի հրաման տալու մեջ։ Ըստ քրեական գործի՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինծառայողները գրավել են Արցախի ռազմավարական նշանակություն ունեցող Արեգա բարձունքը, իսկ սեպտեմբերի 29-ին հայ զինծառայողները հակագրոհ են իրականացրել և հետ վերցրել այն, սակայն Միքայել Արզումանյանի հրամանով հետ են նահանջել և այլևս չեն հաջողել կրկին գրավելու գործում։
Արեգա սարի դրվագին անդրադառնալով՝ պաշտպանը նշեց, որ իրավապահների կողմից պետք է դիտարկվեր նաև այն վարկածը, որ զինծառայողները ինքնակամ են լքել տարածքը, ինչը քննիչները բացառել են։ Իսկ թե ինչու է Միքայել Արզումանյանը գնացել Արեգա սարի տարածք՝ պաշտպանը նշում է. «Պարոն Արզումանյանը գնացել է, որպեսզի գտնի այն անձնակազմին, որի հետ կապը կտրվել էր»։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ Արցախի պաշտպանության այդ ժամանակվա նախարար Ջալալ Հարությունյանին չի զեկուցվել, որ Արեգա սարի բարձունքը գրավել են հայ զինծառայողները, հետևաբար ըստ փաստաբանի՝ գրաված չեն եղել։
Այնուամենայնիվ, կան անձինք, որոնք ցուցմունք են տվել Միքայել Արզումանյանի դեմ՝ նահանջ հրաման տալու համար: «Մի քանի անձինք կան, որոնք փոխկապակցված են, իրար հետ ցուցմունք են տվել»,- ասաց Երեմ Սարգսյանը, սակայն հրաժարվեց ներկայացնել, թե ովքեր են նրանք։
44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնը ստանձնած Միքայել Արզումանյանը մեղադրվում է նաև Շուշիի համար ընթացող մարտերում ոչ բավարար թվով զինծառայողներ ներգրավելու և ոչ հավաստի տեղեկություն վերադասին փոխանցելու համար։ Մինչդեռ պաշտպանը հիշատակում է՝ Միքայել Արզումանյանը նշանակվել է պաշտպանության բանակի ղեկավար 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ ծայրահեղ ծանր պայմաններում, և նրա նշանակվելուց հետո, ըստ Երեմ Սարգսյանի խոսքի, հայկական կողմը քիչ թվով զոհեր է ունեցել։
Թե ինչու է պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնը ստանձնած Միքայել Արզումանյանը նոյեմբերի 6-ին վերադասին գրավոր կարգով զեկուցել, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ՝ այն պայմաններում, երբ նոյեմբերի 5-ի երեկոյան հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք, պաշտպանն այս հարցում ևս ունի բացատրություն:
«Արզումանյանն ասել է՝ իրավիճակը վերահսկելի է, և վերահսկելի է այնքանով, որքանով պաշտպանություն է իրականացնում, այսինքն՝ չի դադարեցրել մարտական խնդիրը կատարելը»,- ասում է պաշտպանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ընդգծեց, որ ինքը Միքայել Արզումանյանին նահանջի հրաման չի տվել, հակառակ դեպքում Միքայել Արզումանյանն իր ցուցմունքում դա նշած կլիներ։
Մանրամասն՝ տեսանյութում
Նարա Մարտիրոսյան