«Ո՛չ իմ, ո՛չ մորս անունով դիզած միլիոններ չունեմ». Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ու ևս մեկ շահագրգիռ անձ հրավիրվել են Դատախազություն
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման շրջանում քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ աշխատած Արսեն Ամյանին ու նրան փոխկապակցված մեկ այլ անձի՝ Մերի Լյովայի Սարգսյանին, Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման  գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել։ Civic.am-ը տեղեկացավ, որ Սարգսյանին և Ամյանին պատկանող գույքի առնչությամբ  Դատախազության հիշյալ վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր,  Ամյանն ու Սարգսյանը Դատախազություն պետք է ներկայանան մայիսի 15-ին։  

Նշենք, որ Ամյանը քաղաքապետարանին հրաժեշտ տալուց հետո աշխատում է մասնավոր ոլորտում, 2021թ.  առ այսօր  «SARDARYAN BROTHERS» փաստաբանական գրասենյակի կոմերցիոն տնօրենն է, 2007-2015 թթ. եղել է Երևանի քաղաքապետարանին առընթեր վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի նախագահ։ 

Մամուլում  հրապարակումներ կան այն մասին, որ քաղաքապետարանում աշխատած տարիներին Ամյանը պատկառելի հարստություն է դիզել։  2019-ին քաղաքացին ահազանգել էր Factor.am-ին և հայտնել, թե Ամյանը, որը «13 տարի ղեկավարում է նշված վարչությունը և այս տարիների ընթացքում միլիոններ է դիզել մոր անունով, իր աշխատողներին հրավիրում է իր մոտ և ստիպում սեփական միջոցների հաշվին հայտնաբերել համայնքային գույքերը։ Ըստ քաղաքացու՝ այդ գույքերը տարիներ շարունակ այլ անձանց են տրամադրվել հենց Ամյանի իմացությամբ, իսկ այժմ այն աշխատակիցներին, որոնք հրաժարվում են Արսեն Ամյանի հրահանգը կատարել, ասում է, որ պետք է դիմում գրեն և հեռանան, քանի որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից է իջեցվել նման հանձնարարական»: Քաղաքացու ահազանգին ի պատասխան՝ Ամյանը պարզաբանել էր. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունում աշխատում է 29 հոգի, և մենք ուսումնասիրում ենք, թե որտեղ ինչ գույք կա, ինչ վարձավճարով, կա՞ն, արդյոք, ինչ-ինչ պայմանագրային խախտումներ, թե՞ ոչ: Եթե հայտնաբերում ենք խախտումներ, տվյալ գույքի տերերին ուղարկում ենք ծանուցումներ։ Այսինքն՝ սա մեր գործառույթն է, մեր ամենօրյա աշխատանքային պարտականությունը, այլ բանով չենք զբաղվում, հետևաբար՝ չեմ հասկանում, թե ահազանգող քաղաքացին ինչ է ասում։ Որևէ աշխատակցի, իր գործառույթից զատ, այլ բան չեմ հանձնարարել»։ Անդրադառնալով քաղաքացու դիտարկմանը, որ ինքը կոռումպացված է և իր մոր անունով միլիոններ է դիզել, Ամյանը հակադարձել էր. «Հերքում եմ, միլիոններ էլ չունեմ դիզած ո՛չ իմ, ո՛չ էլ մորս անունով»: 

Նշենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում, երբ հրապարակվեց քաղաքապետարանի պարգևավճար ստացած պաշտոնյաների ցուցակը (2018 թ.), Արսեն Ամյանը ամենաբարձր պարգևավճար ստացած պաշտոնյան էր։ Թե ո՞ր  արժանիքների համար՝ հայտնի չէ։ Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Արսեն Ամյանի միայն պարգևատրման գումարը կազմել է 2 մլն 049 հազար 800 դրամ: Բացի այս գումարից՝ Ամյանը տարեվերջին 346 հազար դրամ էլ ստացել էր որպես 13-րդ աշխատավարձ։

Հիշեցնենք, որ 2021 թվականին մեղադրանք է առաջադրվել Արսեն Ամյանին։ Նույն քրեական գործով մեղադրվում են նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը։ Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ: Նրա հանձնարարությամբ 2011թ.-ին Երևանի Աճառյան փողոցում գտնվող դպրոցին պատկանող 13.172 քմ հողատարածքն անհիմն նվազեցվել է 3693,12 քմ-ով: Իսկ մնացած 3569,8 քմ-ն Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Մարգարյանի սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:

2012 թվականին Ավանեսովի փողոցում գտնվող դպրոցի 75 քմ մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կազմակերպած աճուրդում էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված դպրոցի տնօրենի հորը, իսկ 2014թ.-ին դպրոցի տնօրենի հայրը նույն կերպ ձեռք է բերել նաև դպրոցին պատկանող 863,34 քմ հողատարածքը: Հետագայում 575 քմ և 863,34 քմ մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են մեկ հասցեում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Հավելենք, որ սույն գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանն  ընդդատության կարգով  ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան:

Ելենա Ազատյան