Նոր մանրամասներ Խաչփար գյուղում տեղի ունեցած սպանության դեպքից. ձերբակալվել է սպանվածի կինը

Մասիսի շտապօգնության կայանից հոկտեմբերի 24-ին, ժամը 12.15-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Խաչփար գյուղում դանակահարված անձ կա:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ 


Ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Խաչփար գյուղի 11-րդ փողոցի նշված տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Վարդան Ա.-ի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին: 


Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նույն տանը ձերբակալվել և բաժին է տեղափոխվել սպանվածի 37-ամյա կինը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի քանի հարված հասցրել ամուսնուն:


Կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:


Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: