Ես չգիտեմ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական բացահայտմանն ինչն է խոչընդոտում, դա հարցրեք քննչական մարմիններին, դատախազությանը, ինձ համար գործը բացահայտված է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:
Հիշեցմանը, որ իշխանությունը խոստանում էր բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը, մինչդեռ 6 տարի անց այն չի բացահայտված, Արամ Սարգսյանն ասաց. «Այդ հարցը տվեք իշխանությանը, թե ինչն է խանգարել բացահայտելուն: Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքական հետքից բացի կա ներքաղաքական մասնակիցներ, որոնք քրեական գործով անցնում են: Այդ համատեքստում բացահայտման և գործը նորից սկսելու հնարավորությունները ինչքանով են հնարավոր, ես չեմ կարող գնահատել, որովհետեւ վկաների մի ստված զանգված բանտերում մահացան, մի ստվար զանգված տարբեր երկրներում մահացան ու անհետ կորան: Դա այնքան էլ հեշտ գործ չի՝ անկախ նրանից, իշխանությունն ուզում է բացահայտել, թե ոչ»:
Նա վստահություն հայտնեց, որ գործող իշխանությունը շատ կուզենար բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը և բացահայտվեր այն մարդկանց վրա, որոնց ժողովուրդը կասկածում է. «Ես դրանում կասկած չունեմ»: