«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝ Ռուսաստանում «Արցախը Հայաստան է» արտահայտությունը հնչեցնելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։
Այս մասին նա երեկ հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությամբ, թե՞ համաձայնությամբ» հանրային քննարկման ժամանակ:
Ըստ նրա՝ դա սահմանված է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 22-ին ընդունած ստրատեգիական գործընկերության հայտարարությամբ։
«Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է կանգնած, Հայաստանի թիկունքին պետք է ՌԴ-ն կանգներ, չի կանգնում։ Անցած տարի են այդ հայտարարությունը ընդունել՝ 43 կետից բաղկացած, որն ավելի խորն ու ընդգրկուն հարաբերություններ ունի իր մեջ, քան Հայաստանի հետ։ Անգամ Ռուսաստանի տարածքում չես կարող հայտարարել՝ «Արցախը Հայաստան է», քրեորեն պատժելի է, դա ամրագրված է հայտարարությամբ»,- ասել է նա։
Ըստ Պապյանի՝ նշված հայտարարության մեջ ընդգծված է, որ կողմերի քաղաքացիները իրավունք չունեն կասկածի տակ դնել պետությունների տարածքային ամբողջականությունը, իսկ ասել, որ «Արցախը Հայաստան է», նշանակում է՝ կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Նախադեպեր կան, հարցրեք՝ հայ համայնքին ոնց են ճնշում, չեն թողնում՝ մի միջոցառում անեն, համերգ, վերջերս «Նժդեհ» համույթի համերգը չեղարկեցին։ Դա պետությունն է արգելում, ոչ թե թաղի տղերքը»։
Պապյանը կարծում է, որ Ռուսաստանը չի ուզում և չի կարողանում որևէ բան անել ընդդեմ Ադրբեջանին։
«Այսօր նա անկարող պետություն է, Թուրքիայի մասին էլ չեմ ասում, Ադրբեջանն էլ չի ենթարկվում իրեն։ Փաստ է, որ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում։ Լաչինի միջանցքում 2,5 կմ ճանապարհին մոտենալու դեպքում պետք է կրակեին վերև, թող կրակեին էկոակտիվիստներին, տեսնեմ՝ ով էր մոտ գալու»,- նշել է նա։