2025-ին հաստատման կներկայացվի «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում  ներկայացրել է գալիք տարվա համար նախատեսված ծրագրերն ու անելիքները` նշելով, որ տարեցտարի ավելանում են ԿԳՄՍ-ին հատկացվող գումարները: 


Նախարարը տեղեկություններ է հայտնել նաև «Ակադեմիական քաղաք» խոշորածավալ ծրագրի ընթացքի վերաբերյալ` նշելով, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում այդ մասով առանձին բյուջետային  ծրագիր է նախատեսված:  Նշվել է, որ գալիք տարում մեծ թափով շարունակվելու է ծրագրի իրականացումը: 2024 թվականին ավարտվել է «Ակադեմիական քաղաքի»  հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, իսկ  2025 թվականին հաստատման է ներկայացվելու «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը` տեղական օրենսդրությանը համապատասխան:


Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ մեկնարկել են քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի և տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները` միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով: