Հայկական մշակույթը ներկայացվում է Թուրքմենստանում

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվում է «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը: Հայաստանի մշակութային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:


 

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հոկտեմբերի 28-ին մշակույթի օրերի մեկնարկն ազդարարվել է «Ալթունյան» պետական անսամբլի համերգով և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսով: Մշակույթի օրերի բացումը տեղի է ունեցել Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի «Մուղամլար» համերգասրահում: Վերոնշյալ կենտրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությանն է ներկայացվել նաև լուսանկարչական ցուցահանդեսը:


 

Մշակույթի օրերի բացման հանդիսավոր համերգին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Նուրսախեթ Շիրիմովը:

 


Անդրադառնալով հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը՝ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի մշակույթի նախարարությանը ջերմ ընդունելության և Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերը հյուրընկալելու համար: Նրա նշմամբ՝ այս հիշարժան առիթը կարող է դիտվել նաև որպես մեր մշակութային փոխգործակցության վերագնահատմանը միտված ջանք՝ ազգերի միջև ամուր կապեր հաստատելու և ազգային մշակույթն առավել լայն շրջանակներին ներկայացնելու: