Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը պետք է հերքի Ալեն Սիմոնյանի վերաբերյալ հնչեցրած զրպարտությունը․ Դատարանը վճռել է՝ Ա․Մանուկյանից հօգուտ Ա․ Սիմոնյանի բռնագանձել 800 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում
Արեգնազ Մանուկյանը «որևէ կերպ նպատակ չի ունեցել արատավորել Ալեն Սիմոնյանի անունն ու բարի համբավը»․ դատարանը  վճռել է՝ Ա․Մանուկյանից   հօգուտ Ա․ Սիմոնյանի բռնագանձել  800 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում   
 
Civic.am-ը հայտնել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղհայց էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ՝ պատասխանողին իր ունեցած ելույթի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելը պարտավորեցնելու, փոխհատուցում բռնագանձելու պահանջով։ Հայցադիմումը ներկայացվել էր  23.12.2021-ին, վարույթ  ընդունվել՝ 07.01.2022-ին։  07.12.2021թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալու ընթացքում Արեգնազ Մանուկյանը կատարել էր հետևյալ արտահայտությունները․  «Ի դեպ, օրերս Ալեն Սիմոնյանը թուրքամետ կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ արդարացել էր, թե բա իր դեմ քարոզարշավ են կազմակերպում, քանի որ ունենում է արդյունավետ հանդիպումներ դրսում և փայլուն հարաբերություններ հաստատում, մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Թե ինչքանով են այդ հարաբերությունները փայլուն, պարզվեց երեք օր առաջ, երբ Ռուսաստանի արտգործնախարարությունից նրան մեղադրեցին երևակայական, այսինքն՝ գոյություն չունեցող Լավրովի պլանին հղում անելու համար: Դա, մեղմ ասած, դիվանագիտական ապտակ էր: Ահա սա է նրա փայլուն հարաբերության և արդյունավետ աշխատանքի գնահատականը: Փայլուն ու արդյունավետ նրա մոտ ստացվում է միայն ասֆալտի տենդերները շահելը, պետբյուջեի հաշվին հարստանալը ու նույն պետբյուջեի հաշվին նոր պադավատ ունենալը»:

 Նշենք, որ պատասխանողը 31.01.2022թ. հայցադիմումի պատասխան էր նեկայացրել դատարան և մասնավորապես  հայտնել հետևյալը․ «Ալեն Սիմոնյանը՝ գիտակցելով իր՝ հանրային անձ հանդիսանալու հանգամանքը, պետք է պատշաճ հանդուրժողականություն դրսևորի․․․ իր անձի նկատմամբ քաղաքական գործունեության շրջանակներում հնչեցված քաղաքական քննադատության, գնահատողական դատողությունների վերաբերյալ:   Ուստի, նշվածով պայմանավորված, ևս կարող են փաստել, որ տվյալ իրավիճակում խնդրո առարկա արտահայտությունը չի կարող դիտարկվել որպես զրպարտություն, քանի որ վեճի առարկա արտահայտությունն իրենից ենթադրում է քաղաքական գործչի մտքի և խոսքի ազատության տիրույթում գտնվող, գնահատողական դատողությունների և քաղաքական խոսքի տիրույթում գտնվող, ինչպես նաև հանրային գործչին և նրա գործունեությանը վերաբերող վերլուծություն, դատողություն, որի նկատմամբ Հայցվոր կողմը պետք է դրսևորի պատշաճ հանդուրժողականություն և զսպվածություն, այնքանով, որքանով որ հայտարարությունն արվել է քաղաքական բանավեճի և երկխոսության շրջանակներում։ ․․․․Արեգնազ Մանուկյանը՝ որպես քաղաքական գործիչ և Աժ պատգամավոր չի կարող պատասխանատվության ենթարկվել իր քաղաքական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի համար, ուստի սահմանված երաշխիքից ելնելով արդեն իսկ չի կարող ենթարկվել պատասխանատվության սույն քաղաքացիական գործի շրջանակներում»։  

Ըստ  պատասխանողի՝ իր կողմից արված արտահայտությունը չի արատավորում Ալեն Սիմոնյանի անունն ու բարի համբավը, իսկ հակառակն ապացուցելու պարտականությունն ընկած է հենց վերջինիս վրա։ Եւ բացի այդ՝   «պատասխանողը  իր քաղաքական խոսքի շրջանակներում որևէ կերպ նպատակ չի հետապնդել հայցվորի անունն ու բարի համբավն արատավորելու, այլ պարզապես կառուցել է քաղաքական խոսքն՝ օգտվելով խոսքի ազատության իր իրավունքից, իսկ դիտավորության առկայության ապացուցման բեռն ընկած է Հայցվոր կողմի վրա»։

Պատասխանողը գտել էր նաև, որ «Հայցվորը հանդիսանում է հանրային դեմք՝ ՀՀ ԱԺ նախագահ, որպիսով պայմանավորված իր անձի վերաբերյալ քննադատության սահմանները զգալիորեն ավելի լայն են, ուստի վերջինս պարտավոր է պատշաճ հանդուրժողականություն դրսևորել և պատրաստ լինել ոչ միայն իր անձի նկատմամբ գովաբանող և փառաբանող դիրքորոշումներ լսել, այլև լսել քաղաքական քննադատություն ընդդիմադիր դաշտի կողմից:  Ելնելով վերոգրյալից, գտնում է, որ հայցը ենթակա է մերժման ամբողջությամբ»:

 Շուրջ 1,5 տարի տևած քննության արդյունքում դատարանն օրեր առաջ՝ ապրիլի   19-ին վճռել է․

 «Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Արեգնազ Մանուկյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել մասնակի:

Պարտավորեցնել Արեգնազ Մանուկյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական կայքում Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հերքել Արեգնազ Մանուկյանի կողմից 07.12.2021թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից կատարված հայտարարությամբ զրպարտություն համարվող և Ալեն Սիմոնյանին վերաբերող փաստացի տվյալները՝ «Հերքում» վերնագրով հետևյալ բովանդակությամբ․  «07.12.2021թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալու ընթացքում Արեգնազ Մանուկյանիս կողմից կատարված արտահայտություններն առ այն, որ «Ալեն Սիմոնյանի մոտ փայլուն ու արդյունավետ ստացվում է միայն ասֆալտի տենդերները շահելը, պետբյուջեի հաշվին հարստանալը»՝ չեն համապատասխանում իրականությանը»։
Արեգնազ Մանուկյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել՝ 800 000 ՀՀ դրամ, որպես զրպարտության համար փոխհատուցում։ 
Հայցը մնացած մասով, մերժել։
Արեգնազ Մանուկյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել` 44 000 ՀՀ դրամ, որպես բավարարված հայցապահանջի մասով վճարված պետական տուրքի գումար: 
 
Արեգնազ Մանուկյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել՝ 150 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: 
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված:
 
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում»:
 
Ե․Ազատյան