Վրաստանում հետընտրական իրավիճակի և տեղի ունեցող ու սպասվող իրադարձությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։
- Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական
ընտրություններ, և հաղթեց իշխող «Վրացական երազանքը»՝ հավաքելով ընտրողների ձայների 53 տոկոսը, իսկ ընդդիմությունը գումարային հաշվարկով
ունի 38 տոկոս ձայներից մի փոքր ավելի։ Ընդդիմությունը չի ընդունում ընտրության արդյունքները։
Ձեզ համար Վրաստանի ընտրությունների արդյունքները սպասելի՞ էին:
- Իրականում գրեթե բոլոր սոցհարցումները,
հետազոտությունները՝ և՛ ընդդիմադիրների, և՛ իշխանական, ցույց էին տալիս, որ «Վրացական
երազանքին» ձայն էր տալիս հարցվածների մեծամասնությունը։ Այլ հարց է, որ ընդդիմադիրներին
առանձին-առանձին տված ձայները եթե գումարում էինք, երբեմն դրանք կարողանում էին անցնել
«Վրացական երազանքի» տվյալներին։ Այն, որ «Վրացական երազանքը» ավելի մեծ շանսեր ուներ
վերընտրվելու, դրա մասին խոսում էին սոցհարցումները, ինչպես նաև արդեն հրապարակված
էքզիթփոլերը՝ ընտրություններից անմիջապես հետո։ Բայց նաև սպասելի էր ընդդիմության արձագանքը
այս պարագայում, որովհետև ինչ էլ լիներ, ընդդիմությունը չէր հաշտվելու այդ տվյալների
հետ և պայքարի ինչ-որ ձև էր որդեգրելու. այս պարագայում մենք տեսնում ենք, որ դա փողոց
դուրս գալն է կամ, ինչպես իրենք են ասում՝ «փողոցային պայքարը»։ Բոլոր այդ ընդդիմադիր
ուժերին համախմբում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և փողոց դուրս գալու
վերջնական հայտարարությունը հենց նախագահն արեց։ Ավելի վաղ այդպիսի կոչ էր արել նաև
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության
հիմնադիրն է, և այդ ուժը նույնպես անցել էր խորհրդարան։ Այնպես որ՝ այո, որոշ իմաստներով
սպասելի էին այս զարգացումները։
- Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների
վերաբերյալ սեփական տվյալները կրկնակի ստուգելու նպատակով որոշել է վերահաշվարկել յուրաքանչյուր
ընտրատարածքի հինգ ընտրատեղամասերում քվեաթերթիկները։ Այս մասին հայտնել են Կենտրոնական
ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։ Ի՞նչ եք կարծում, ռեալ փոփոխություն
հնարավո՞ր է ակնկալել այս վերահաշվարկի արդյունքում, թե՞ դա պարզապես արվում է՝ ցույց
տալու համար, թե չեն անտեսում ընդդիմության պահանջները։
- Միջազգային այն դիտորդները,
առաքելությունները, կազմակերպությունները, որոնք մշտադիտարկում էին ընտրությունների
ընթացքը, իրենց բոլոր նախնական զեկույցներում և հայտարարություններում այդ ընտրախախտումների
և որոշակի կեղծիքների մասին խոսել են, և գրեթե բոլոր միջազգային զեկույցներում կարմիր թելի նման այդ գիծը գնում է, և Վրաստանի
արևմտյան գործընկերներն իրենց հայտարարություններում կոչ են անում Վրաստանին, Վրաստանի ԿԸՀ-ին, կառավարությանը
վեր հանել կեղծիքները, հետաքննել դրանք և օրենքի շրջանակներում դրանց լուծում տալ։
Ամենայն հավանականությամբ ԿԸՀ-ի աշխատանքները դրան են ուղղված, քան թե ընդդիմությանը
հանդարտեցնելուն։
- Երեկ երեկոյան
Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունեցել ակցիա, որը կազմակերպել են խարտիան ստորագրած և
ընտրությունների արդյունքները չճանաչող ընդդիմադիր կուսակցությունները։ Երկրի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել հանրահավաքում՝ ասելով, որ արդյունքները գողացված
են, և «դրանք ոչ ոք չի ճանաչի»։ Այս իրավիճակում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում
Վրաստանում։
- Այո, հանրահավաքը երեկ տեղի ունեցավ, ելույթ ունեցավ, գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունեցողների մեջ էր նաև նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը ներկայումս ընդդիմադիր թևում է հանդես գալիս։ Ամեն դեպքում, որպես փաստ հանրահավաքը կայացել է, բայց որքանով այն կշարունակվի, ինչ հետագա քայլեր կլինեն՝ դեռևս մի փոքր անհասկանալի է, քանի որ հաջորդ հանրահավաքի մասին, որպես այդպիսին, հայտարարություններ և զարգացումներ չկան։ Զուրաբիշվիլին հարթակից հայտարարում էր, որ խնդիրը ներկայացրել է իրենց միջազգային գործընկերներին, նրանց հետ հեռախոսազրույցներ և խորհրդակցություններ է ունեցել, և այս մի քանի օրը ցույց են տալիս, որ Վրաստանում ընդդիմությունն էլ փորձում է վերջնական հասկանալ և ի մի բերել, թե ինչ քայլերի պիտի գնան և ինչպես են պատկերացնում իրենց հետագա անելիքները։ Այս պահին ունենք այն պատկերը, որ ընդդիմությունը չի ընդունում ընտրության արդյունքները, թե հետագայում ինչ նոր քայլերի կգնա և ինչպես կզարգացնի այս պայքարը՝ դեռևս մի քիչ անհասկանալի է։
- Հայաստանում փորձագիտական որոշ շրջանակներ կարևորում էին,
որ ընդդիմությունը հաղթի։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:
- Հիմնականում արևմտյան գործընկերների համար
ընդդիմադիր ուժերի հաղթանակը շատ ավելի գրավիչ էր, և շատ ավելի կարևորում էին։ Առաջին
հերթին սա պայմանավորված էր Վրաստան-Արևմուտք ունեցած հակասություններով, որովհետև
«Վրացական երազանքի» և արևմտյան գործընկերների այս բացահայտ հակասությունները, փոխադարձ
մեղադրանքների ֆոնը այնպիսի տպավորություն ստեղծեցին, որ «Վրացական երազանքի» համար
եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիան այլևս կարևոր չէ, սակայն հատկապես նախընտրական
շրջանում «Վրացական երազանքի» տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ հիմնադիր
Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև վարչապետը, մի քանի անգամ հայտարարեցին, որ Եվրամիության ինտեգրացիան, ինչպես նաև եվրաատլանտյան ինտեգրացիան
մշտապես եղել է Վրաստանի առաջնահերթությունների թվում և շարունակում է առաջնահերթ լինել,
և ընտրություններից հետո խոսում էին Արևմուտքի հետ հարաբերությունների վերագործարկման
մասին։ Ամեն դեպքում նաև շեշտում էին, որ այդ հարաբերությունները վերագործարկելու նախաձեռնողն
իրենք չեն լինելու, այլ պիտի քայլեր լինեն նաև Արևմուտքից։
- Թեև Վրաստանի իշխանությունները
պնդում են, որ եվրաինտեգրացիան իրենց առաջնահերթությունների մեջ է, սակայն ընդդիմությունը
և հասարակության մեծամասնությունը չեն հավատում այդ պնդմանը և բողոքի ցույցեր են իրականացնում։
Այս իրավիճակում ի՞նչ սպասել Հայաստանի արտաքին
քաղաքականության մեջ: Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի
վարչապետին հաղթանակի կապակցությամբ:
- Հայաստանի և Վրաստանի
միջև այդ համագործակցության առումով հիմա, գոնե այս փուլում, որևէ էական փոփոխություններ,
կտրուկ շրջադարձեր, իմ դիտարկմամբ, սպասելի չեն, որովհետև «Վրացական երազանքի» հետ
մեր կառավարությունն աշխատելու արդեն մի քանի տարվա փորձ ունի, հարաբերությունները
դինամիկ զարգանում են, բարիդրացիական հարաբերությունները վերջին տարիներին կարողացել ենք նաև փաստաթղթավորված ռազմավարական
համագործակցության հասցնել, մեր առևտրաշրջանառությունն է մեծացել Վրաստանի հետ։ Այսինքն՝
այս առումով մենք հստակ զարգացման և հստակ համագործակցության շրջանակ ունենք։ Իսկ թե
այս մասով ինչու «Վրացական երազանքը» քիչ կողմնակիցներ ուներ, իմ համոզմամբ, «Վրացական
երազանքը» իր նախընտրական շրջանում մի քիչ այլ տեխնոլոգիաներ և այլ միջոցներ էր կիրառում
ընտրազանգվածի հետ աշխատելիս, բայց երբեք չէր ասում, որ ԵՄ-ն կամ եվրաատլանտյան ինտեգրացիան
իրենց համար կարևոր չի եղել։ Վրացական ընդդիմությունն իր հիմնական շեշտադրումն անում
էր, որ մեր ուղին Եվրոպան է, որ մեր ուղին Արևմուտքն է, և մենք մեզ պատկերացնում ենք
որպես եվրոպական ընտանիքի մաս։ Այսինքն՝ գրեթե երկուսն էլ նույն բանն էին ասում հանրությանը,
ուղղակի տարբեր ձևակերպումներով և տարբեր ուղերձներով։ Նույն «Վրացական երազանքի» կառավարման
տարիների ընթացքում է, որ Վրաստանը կարողացել է ունենալ ԵՄ-ի անդամության թեկնածուի
կարգավիճակը, թեև հիմա ժամանակավորապես այդ գործընթացը կասեցվել է, բայց ՆԱՏՕ-ի հետ
համագործակցության տարբեր զարգացման փուլեր է ունեցել, և Արևմուտքի հետ հարաբերությունների
այդ ամբողջ զարգացման ընթացքը եղել է հենց «Վրացական երազանքի» օրոք։ Բայց նաև ուզում
եմ շեշտել, որ «Վրացական երազանքը» երբեք էլ չի թաքցրել, որ իրենք կողմնակից են Ռուսաստանի
հետ հարաբերությունների կարգավորմանը։
Լիլիթ
Թադևոսյան