Վազգեն Գալստանյանը եկող շաբաթ հրավիրվել է Երևանի քաղաքապետարան. Պատճառը Ոստիկանության գրություններն են

 «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Վազգեն Գալստանյանը  հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ս. Քոչարյանի  2024 թվականի հոկտեմբերի 3-ի և հոկտեմբերի 7-ի համապատասխան  գրություններով  նկարագրված հանգամանքների ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1801-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ իրավախախտումը կատարված լինելու փաստի քննության նպատակով։ Նշենք, որ «Ազդարար» հարթակում հրապարակվել է   ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի՝ Երևանի քաղաքապետին ուղարկված երկու գրությունները, որոնցից մեկը վերաբերում է հոկտեմբերի 2-ին, մյուսը՝ հոկտեմբերի 6-ին «Սրբազան պայքար» կոչվող  շարժման կազմակերպած հանրահավաքների ժամանակ թույլ տրված խախտումներին։ Գալստանյանը երկու ծանուցագիր է ստացել, որոնցից մեկով նա քաղաքապետարան է հրավիրվել նոյեմբերի 4-ին, մյուսով՝ նոյեմբերի 6-ին։ Ըստ ոստիկանության գրության՝ մասնավորապես հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած  հավաքի ընթացքում՝ ժամը 20։30-ի սահմաններում, առանց ոստիկանության կողմից նշանակված ներկայացուցչին նախապես տեղեկացնելու Վ. Գալստանյանը «կազմակերպել և իրականացրել է առերևույթ 100-ից ավելի մասնակից ունեցող երթ (երթի մեկնարկի պահին մասնակիցների թիվը կազմել է շուրջ 1.000, իսկ վերջնակետ հասել են նրանցից մոտ 500-ը)։ Երթն իրականացվել է Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հերացի փողոց-Արմենակյան փողոց-Հովսեփյան փողոց-Հայաստանի հանրային հեռուստատեսություն՝ ավելի քան 7 կմ երկարությամբ երթուղով։ Երթի մասնակիցներն ամբողջությամբ նշված երթուղու վերջնակետ հասել են մոտավորապես ժամը 23։00-ի սահմաններում, որտեղ շարունակել են հավաքը՝ մինչև 03.10.2024 թվականի ժամը 01։00-ն»։ Հայտնելով վերոգրյալը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը  միջնորդել է քննարկել նշված փաստի առթիվ Լիդյա Մանթաշյանի (նա է իրազեկել  քաղաքապետարան-հանրային հավաքի մասին-խմբ.) և (կամ) Վազգեն Գալաստանյանի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարչական վարույթ հարուցելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ոստիկանության մեկ այլ՝ Երևանի քաղաքապետին ուղղված  գրության մեջ էլ մասնավորապես նշված է, որ  Գալստանյանը  հոկտեմբերի 6-ին «Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացրել է հանրային հավաք, որի  մասնակիցները սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում ժամը 17։30-ից սկսած, բուն հավաքը (ելույթային մասը) մեկնարկել է ժամը 18։50-ի սահմաններում։  Ժամը 20։00-ի սահմաններում հավաքի փաստացի կազմակերպիչ և ղեկավար Վ. Գալստանյանը հայտարարել է դեպի ՀՀ Սահմանադրական դատարան երթ իրականացնելու իր մտադրությունների մասին, որից հետո հավաքի մոտ 1.500 մասնակիցները Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Բաղրամյան պողոտա երթուղով ժամը 20։10-20։55 ժամանակահատվածում իրականացրել են երթ, որից հետո շարունակել են հավաքը ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, իսկ ժամը 21։45-ից մինչև 22։20 ժամանակահատվածում դարձյալ իրականացրել են երթ՝ ՀՀ Սահմանադրական դատարան-Բաղրամյան պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով (վերջնակետ հասած մասնակիցների թիվը՝ մոտ 300)։


2024 թվականի հոկտեմբերի 6-ի ժամը 18։00-ից Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու մասին հայտարարությունը հավաքի փաստացի կազմակերպչի կողմից կատարվել է 2024 թվականի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով և տարածվել զանգվածային լրատվության միջոցներով ու սոցիալական ցանցերով։


2024 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 17։54-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության էլեկտրոնային փոստերին ստացվել է «շտապ» հավաքի տեղեկացում, որում որպես հավաքի նպատակ նշված է եղել՝ «Հայաստանի Հանրապետության պետականությանը սպառնացող խնդիրների քննարկում»-ը։


«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված է շտապ հավաքի հասկացությունը՝ «Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)»։ Նույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված է, որ շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին և ոստիկանությանը։


Այսպիսով, համադրելով վերը թվարկված փաստական տվյալները, մասնավորապես հիմք ընդունելով հավաքի մասին տեղեկացումով ներկայացված նպատակը և հաշվի առնելով հավաքի ընթացքն ու կազմակերպչի գործողությունների բնույթը, առերևույթ պարզ է դառնում, որ նշված հավաքը որևէ աղերս չունի «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված շտապ հավաքի հետ, և գտնում ենք, որ այն պետք է կազմակերպվեր և անցկացվեր օրենքի 2-րդ գլխով սահմանված իրավակարգավորումների պահպանմամբ՝ լիազոր մարմին սահմանված ժամկետում իրազեկում ներկայացնելով։ Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ քննարկվող հավաքի կազմակերպչի գործողությունների հետևանքով զգալի անհարմարություններ են ստեղծվել այլոց իրավունքներն ու ազատությունները համաչափորեն իրացնելու, հանրային բնականոն կյանքն ապահովելու համար, որը դրսևորվել է նախապես չհայտարարված հավաք-երթ իրականացնելու արդյունքում դրանց անցկացման վայրերում երթևեկության մասնակիցներին զգալի անհարմարություններ պատճառելով, և որի արդյունքում ստեղծվել են հասարակական կարգին և հանրային անվտանգությանը սպառնացող ռիսկեր՝ միջնորդում եմ քննարկել նշված փաստի առթիվ քաղաքացի Վազգեն Գալաստանյանի նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու) վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարչական վարույթ հարուցելու և վերջինիս պատասխանատվության ենթարկելու հարցը»։ Նկատենք, որ լսումները պետք է տեղի ունենային նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 24-ին և 25-ին,  սակայն Գալստանյանին ուղարկված ծանուցումներին հետադարձ ծանուցումներ  չեն  ուղարկվել։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին «սրբազան շարժման» մասնակիցները երբ  Հանրային հեռուստատեսություն էին երթով շարժվում, Գալստանյանի ու ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյան միջև վեճ էր տեղի ունեցել, եկեղեցու սպասավորը սպառնացել էր՝ «քեզ տրորելու եմ», Հովհաննիսյանն էլ արձագանքել էր՝ «գլուխդ պատին ես տալու»։  Շարժման առաջնորդն այնուհետ պարզաբանում էր տվել ուղիղ եթերում, թե՝ «ինքը իրեն ամենավերջին խուլիգանի պես ա պահել, հունիսի 12-ի հանցագործությունն ա գործել հրահանգով, մարդկանց վրա նռնակներ, ռումբեր, արգելված միջոցներ ա նետել, մարդկանց ա վիրավորել, վնասել ամեն իմաստով...։ Նա իրեն լավ չի պահել, պատասխանը ստացել ա։ ...Այո, հոգևորով էլ կտրորեմ, մտքով էլ կտրորեմ, ամեն առումով էլ կտրորեմ, խուլիգանին խուլիգանություն ա հասնում»։  


Հ. Մ.