Թուրքիայի հետ կա դինամիկ երկխոսություն. հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ կապելը մեզ համար այնքան էլ ընդունելի չէ. Միրզոյան

Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և այս համատեքստում Թուրքիայի հետ սահմանի բացման մասով մեկնարկած գործընթացին:


«Ինչո՞ւ Թուրքիայի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և Հայաստանի ու Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար չի բացվել մինչ այժմ: Ես շատ կուզենայի առաջի՛նը պատասխանել այդ հարցին, բայց չեմ հասցնի, որովհետև այդ հարցին Թուրքիան հրապարակային շատ վաղուց պատասխանել է, մեծ հաշվով: Իրենք ասում են, որ իրենք այս և այլ գործողությունների՝ դեպի ամբողջական կարգավորում ՀՀ-ի հետ, սահմանի ամբողջական բացում, պատրաստ են, որքան հասկանում եմ և՛ շփումներից, և՛ հանրային հայտարարություններից, դիրքորոշումների արտահայտումից: Խնդիրներ շատ մեծ չենք տեսնում ճանապարհին, ի դեպ, մենք ևս չենք տեսնում: Բայց Թուրքիան, այնուամենայնիվ, իրենց հետ մեր հարաբերությունների կարգավորումն ինչ-որ կերպ կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: