Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ


Հյուսիսային Կորեայի զորքերը մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ են արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, նոյեմբերի 5-ին հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը։


Ճապոնացի զինվորականների տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեան արձակել է առնվազն յոթ հրթիռ առավոտյան ժամը 7:30-ից մինչև 7:39-ը: Նրանք հասել են 100 կիլոմետր բարձրության, թռիչքի հեռահարությունը կազմել է 400 կիլոմետր, հայտնել են նախարարությունից: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Կորեական թերակղզու արևելյան ափի շրջակայքի ջրերում։ Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռներն ընկել են ծովը, հաղորդում է «Ռենհափ»-ը:


Ճապոնիայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև G7 երկրների իշխանությունները դատապարտել են հրթիռների արձակումը։ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ այդ «գործողությունները սպառնում են Ճապոնիայի, տարածաշրջանի և միջազգային հանրության խաղաղությանը և անվտանգությանը» և խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:


Ինչպես նշում է Kyodo-ն, արձակումները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ և ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի համատեղ զորավարժություններից անմիջապես հետո, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին։


Հյուսիսային Կորեայի իշխանությունները առայժմ չեն մեկնաբանել հրթիռների արձակումը։