Իսրայելի ոստիկանությունը մոտ 40 մարդու է ձերբակալել՝ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկության դեմ Թել Ավիվում բողոքի ակցիաները ցրելու ժամանակ, հայտնում է Haaretz թերթը։
Թերթի
տեղեկություններով՝ ցուցարարները արգելափակել են Այալոնի գլխավոր մայրուղին և ճայթռուկներ են արձակել։ Ոստիկանությունը կիրառել է ջրցաններ և այլ հատուկ միջոցներ ցուցարարներին ցրելու համար, հայտնում է պարբերականը։
Ինքնաբուխ բողոքի ակցիաները Իսրայելում սկսվել են երեքշաբթի երեկոյան՝ այն բանից հետո,
երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց պաշտպանության նախարար Յոավ
Գալանտին պաշտոնանկ անելու որոշման մասին։ Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ արգելափակել
են Այալոնի մայրուղին քաղաքի արևելքում և խարույկներ վառել երթևեկելի մասում։
Երուսաղեմում Նեթանյահուի նստավայր են գնացել նաև հարյուրավոր ցուցարարներ։
Վարչապետի նստավայրի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների
միջև։ Իրավապահները արգելապատնեշներ են տեղադրել, որպեսզի թույլ չտան
քաղաքացիներին մոտենալ շենքին։ Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ
աշխատակիցները «ուժ են կիրառել օրինազանցներին հետ մղելու համար»: