Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա երիտասարդ

Նոյեմբերի 9-ին կրակոց է հնչել Երևանում։


Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել։


Ինչպես հայտնում է Shamhyan.com-ը, հիվանդանոց են մկնել մեծ թվով իրավապահներ:


Մինչ ոստիկանների ժամանելը, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։


Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Քալանթարյանն է։


Դեպքի մասին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:


Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։