Արթուր Մարտիրոսյանը հետևել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայր՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին:


Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այցին ներկա էին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:


«Մեր ակնկալիքն է, որ այս կենտրոնը, ի թիվս այլ կենտրոնների, երիտասարդների համար կդառնա ամենատարբեր կարողություններ զարգացնելու շատ կարևոր միջավայր: Կենտրոնը պետք է ծառայի նաև որպես երիտասարդների քաղաքացիական մասնակցության բարձրացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, իրազեկվածության ապահովման հարթակ, ինչը լրացուցիչ հնարավորություն կստեղծի տեղեկանալու Կառավարության ծրագրերի մասին և դառնալու դրանց ակտիվ մասնակիցը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: