Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեփական դաշտում 0-1 հաշվով անակնկալ պարտություն կրեց Ֆարերյան կղզիներին։
Հանդիպման մեկնարկում Սուրեն Չախալյանի գլխավորությամբ հանդես եկող Հայաստանի հավաքականն ուներ առավելություն, սակայն գործը չէր հասնում իրական գոլային պահերին։
33-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանն անփույթ խաղաց սեփական տուգանային հրապարակում, կանոնների խախտում թույլ տվեց, գլխավոր մրցավար Թասոս Սիդիրոպուլոսը 11-մետրանոց նշանակեց մրցակցի օգտին։ Գնդակին մոտեցած ֆարերների ավագ Վիլյորմուր Դավիդսենը գրավեց դարպասն ու խփեց հանդիպման միակ գոլը։
Հանդիման մնացած ժամանակահատվածում Հայաստանի հավաքականը բազմիցս կարող էր գրավել մրցակցի դարպասը, ստեղծեց իրական մի շարք գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց խուսափել պարտությունից։ Հյուրերի դարպասապահ Թեյթուր Գեսթսոնը կատարեց 10 սեյվ։
Հայաստանի հավաքականը մնաց 4 միավորով և չորրորդ խմբում նահանջեց երրորդ տեղ, Ֆարերյան կղզիները 6 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։
5-րդ տուրում խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը տնային խաղում կմրցի Լատվիայի դեմ։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկությունում վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 17-ին և հյուրընկալվելիս կմրցի Լատվիայի դեմ։
Ազգերի լիգա, C դիվիզիոն, 5-րդ տուր
Չորրորդ խումբ
Հայաստան - Ֆարերյան կղզիներ` 0-1