ՀՀ սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի զինծառայողը դատապարտվել է 11 ու կես տարվա ազատազրկման, իսկ սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու գործը դեռևս նախաքննության փուլում է
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Մեկ ամիս առաջ ՀՀ սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի զինծառայող Ագշին Բաբիրովը դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով ազատազրկման։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց դատական դեպարտամենտի մամուլի պատասխանատու Լիլիթ Շաբոյանն ու հավելեց, որ դատավճիռը կայացվել է մայիսի 4-ին։
Նշենք, որ Ագշին Բաբիրովի գործը վարույթ էր ընդունվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կողմից։
Ագշին Բաբիրովը մեղադրվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և հրազեն ու ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նշված մեղադրանքները հաստատվել են դատարանի կողմից։
Նշենք, որ Ագշին Բաբիրովի հետ Հայաստանի սահմանն ապօրինի հատել էր նաև Ադրբեջանի մեկ այլ զինծառայող Հուսեյն Ախունդովը։
Սակայն նա, բացի վերոնշյալ արարքներից, նաև մեղադրվում է ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցին ապօրինաբար կյանքից զրկելու համար։
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի զինծառայող Հուսեյն Ախունդովի գործը դեռևս նախաքննության փուլում է։
Նարա Մարտիրոսյան