Վլադիմիր Գասպարյանի կինը և դուստրը ոստիկանությունում բարձր պաշտոններ են զբաղեցրել, սակայն աշխատանքի չեն գնացել. դատարանում շարունակվեց քրգործի փաստաթղթերի հետազոտման փուլը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, Ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Նրանք մեղադրվում են պաշտպանության նախարարությունում և ոստիկանությունում գույք և պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով. պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։
Այսօրվա դատական նիստի ընթացքում հետազոտվեցին գործում առկա գրավոր փաստաթղթերը։ Ըստ դատախազության՝ պաշտպանության նախարարությունում 3 անձինք տարիներ շարունակ գրանցված են եղել որպես աշխատողներ, սակայն աշխատանքի չեն ներկայացել, բայց ստացել են աշխատավարձ։ Այսպիսով պետությանը պատճառվել է նյութական վնաս։
Ըստ մեղադրողի՝ Վլադիմիր Գասպարյանի կինը և աղջիկը ևս հանդիսացել են ոստիկանության աշխատակիցներ, սակայն աշխատանքի չեն ներկայացել, բայց ստացել են աշխատավարձ։
2015 թվականին Վլադիմիր Գասպարյանը գրությամբ դիմել է պաշտպանության նախարարին, որով խնդրել է Յուլյա Գասպարյանին ազատել պաշտպանության նախարարությունում զբաղեցրած պաշտոնից և փոխադրել Ոստիկանություն՝ հետագա ծառայությունն այնտեղ շարունակելու համար։
Դատախազ Տիգրան Ենոքյանը ներկայացրեց տարբեր տարիներին Յուլյա Գասպարյանի՝ արձակուրդ մեկնելու զեկուցագրերը, որոնցում առկա են Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև Լևոն Երանոսյանի ստորագրությունները։
Բացի դրանից, Յուլյա Գասպարյանը Լևոն Երանոսյանի մակագրությամբ պարգևատրվել է երրորդ աստիճանի մեդալով ոստիկանությունում երկարամյա ծառայության համար։
2018 թվականի մարտին Գասպարյանի դուստրը՝ մայոր Յուլյա Գասպարյանը, նշանակվել է անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ։
Նույն թվականի մարտի 16-ին Լևոն Երանոսյանի գրությամբ առաջարկվել է մայոր Յուլյա Գասպարյանին շնորհել փոխգնդապետի կոչում։ Որից հետո Յուլյա Գասպարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա։
2018թ. մայիսի 10-ին Յուլյա Գասպարյանը ներկայացրել է զեկուցագիր, որով խնդրել է ընտանեկան պայմաններից ելնելով իրեն ազատել ոստիկանությունում ծառայությունից։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ իր աղջիկը իրավաբանական կրթություն ունի, և փեսայի առաջարկով է դուստրը ոստիկանությունում աշխատանքի անցել՝ հետագայում որպես դատավոր աշխատելու համար։
Կնոջ՝ աշխատանքից բացակայելու մասին հարցին ի պատասխան նախկին ոստիկանապետն ասաց. «Իմ կինը աշխատել է։ Գլուխները պատին են տվել այն մարդիկ, ովքեր ասում են, թե իմ կինը չի աշխատել։ Շատ ավելին է աշխատել, քան էդ բոլոր աշխատողները՝ միասին վերցրած»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան