Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցի ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբշամարտիկներ Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, Մանվել Խնձրցյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Կնյազ Իբոյանը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
«Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է ՀՀ զինված ուժերը։ Մրցաշարին այլ մարզիկներ ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»,- նշեց նա։
Դավթյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերի հավաքական թիմում, որը ներկայացված է այս առաջնությանը, հիմնականում ընդգրկված են մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, ովքեր նույնպես բավականին բարձր վարպետություն ունեցող մարզիկներ են։