ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ մայիսի 12-ից վերացնում է երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման պահանջը։
«Մենք հայտարարում ենք, որ մայիսի 11-ից հետո վարչակազմը կդադարեցնի COVID-19-ի դեմ պատվաստման պարտադիր պահանջը դաշնային գերատեսչությունների աշխատակիցների, պայմանագրով դաշնային աշխատողների և միջազգային օդային չվերթներով ժամանող ուղևորների համար»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները 2021 թվականի նոյեմբերից սկսել էր երկիր մուտք գործող օտարերկրացիներից պահանջել վկայական COVID-19-ի ամբողջական պատվաստումներ անցնելու վերաբերյալ: Ընդ որում, ընդունվում էին միայն ԱՄՆ բժշկական կարգավորողի կամ ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով պատվաստումներ անցնելու վկայականները։
2023 թվականի ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է երկրում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր 2020 թվականին՝ COVID-19-ի պատճառով։