Գյումրիում ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր են հայտնաբերվել

Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են:


Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, առաջին տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 15-ին այցելել են Գյումրիի բնակիչ 31 և 32 տարեկան տղամարդկանց վարձակալած տարածք: Հայտնաբերվել են տարբեր տարողութան 439 լցված շիշ, օղու 1400 դատարկ շիշ, 4 արկղ շշի խցան, 200 լիտրանոց և 5 լիտրանոց պլաստիկ երկու տարա` լցված սպիրտի հոտով հեղուկով:


Երիտասարդներն ընդունել են, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում են խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ:


Նույն օրը նմանատիպ մեկ այլ տեղեկության հետքով քրեական հետախույզները մեկնել են Գյումրու Օստրովսկու փողոց: Այստեղ էլ հայտնաբերվել են օղու և կոնյակի տարբեր մակնշումներով լցված շշեր, նաև մեծ քանակությամբ օղու և կոնյակի դատարկ շշեր:


Այս դեպքում ևս տանտերն ընդունել է մեղքը:


Շիրակի քրեական ոստիկանների նմանատիպ հաջորդ միջոցառումը նոյեմբերի 18-ին է եղել: Առավոտյան մեկնելով Գյումրու Ղորղանյան փողոցի տներից մեկը` իրավապահները հայտնաբերելեն շշալցված տարատեսակ կեղծ օղիներ, խցաններ ու դատարկ շշեր, նաև տարբեր քանակությամբ կոնյակ, օղի և օղու սպիրտ:


Այս դեպքում ևս տանտերը հայտնել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվել է ալկոհոլային կեղծ խմիչքների պատրաստմամբ, շշալցմամբ, ակցիզավորմամբ ու վաճառքով:


Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: