«Ձյունիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ խախտումներ են արձանագրվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին պատկանող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։
Վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝


արտադրական տարածքների և շինությունների ոչ պատշաճ պայմաններ,
հատակի, դռների և պատերի մակերևույթների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող վիճակ,
աշխատանքային մակերևույթների ոչ համապատասխան նյութերից պատրաստվածություն,
հումքի և բաղադրիչների ոչ պատշաճ պահպանում,
կիսապատրաստվածքի և վերջնական արտադրանքի պահպանման ջերմաստիճանի պահանջների չպահպանում,
անձնակազմի համար նախատեսված հանդերձարանի բացակայություն։


Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսավարողին սահմանվել է վերջնաժամկետ։
Արտադրական գործունեությունը կարող է վերսկսվել միայն սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո։