ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազը ՀՀ հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ստեփան Ռոբերտի Գալստյանի, Նատալյա Գենադիևնա Գալստյանի, Նասիա Եփրեմի Գալստյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին: Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Ստեփան Գալստյանը, հիշեցնենք, «Անպիտան հրթիռների» գործով մեղադրյալ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալն է, որը քրեական հետապնդման է ենթարկվում 2021-ից։
Նշենք, որ դեռևս 2012 թվականին Hetq.am-ը գրել էր, որ ծնունդով մարալիկցի Ստեփան Գալստյանը սեփական ավիաընկերությունն ունի։
2012 թվականին Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի «Մայա-Մայա» օդանավակայանի մոտ ինքնաթիռ
էր ընկել։ Արդյունքում զոհվել էին անձնակազմի 7 անդամները, որոնցից 5-ը հայեր էին։
Պարզվեց, որ ինքնաթիռը պատկանում էր հայկական «Ռիջ Էյրվեյս» («Ridge Airways») ընկերությանը:
Պետռեգիստրի կայքում ընկերության սեփականատեր է նշված Սերգեյ Քոչարովը: Ինքնաթիռը,
սակայն, ըստ «Հետքին» նամակ գրած օդաչուի, պատկանում էր ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ
Ստեփան Գալստյանին, բայց գրանցված էր նրա կնոջ՝ Նատալյայի անունով: Ավելին, չունենալով
շահագործման թույլտվություն, ամիսներ շարունակ ինքնաթիռը ապօրինի է շահագործվել։ ՊՆ-ն
հերքել էր գեներալ Գալստյանի առնչությունն այս ամենին: Գերատեսչության հայտարարության
մեջ նշվել էր, թե նմանատիպ լուրերը զինված ուժերին վարկաբեկելու նպատակ ունեն:
«Դժվար է պատկերացնել, որ կառույցը կարող էր հայտարարել, թե, այո, նշված ընկերությունը
պատկանում է գեներալին»,- նկատել էր կայքը:
Դատախազությունը Հակակոռուպցիոն
դատարան հայցադիմում է ներկայացրել նաեւ ընդդեմ ՀՀ
զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Մարինե Մելիքսեթի
Ասատրյանի, Լիլիթ Ավետիքի Մուրադյանի հայցապահանջը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի
մասին։ Մուրադյանը նույնպես «անպիտան հրթիռների» գործով մեղադրյալներից է։
ԱԱԾ-ն, հիշեցնենք, 2021-ի սեպտեմբերին հաղորդագրություն էր տարածել և
հայտնել՝ բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան
պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր, պետությանը պատճառվել է առանձնապես
խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ.
խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների
հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին
չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության
ժամկետները սպառած հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ
ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն
ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա
պատերազմի ժամանակ: Մուրադյանը կալանավորվել էր, ապա որոշ ժամանակ անց ազատվեց կալանքից։
Այս գործով յոթ մեղադրյալներից մեկն էլ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն
է, մյուսը՝ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։