ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Ռոբերտի Գալստյանը, նրա կինը՝ Նատալյա
Գենադևնա Գալստյանը, ևս մեկ անձ՝ Նասիա Երեմի
Գալստյանը, սեպտեմբերի 17-ին պետք է ներկայանան ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազության
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում հիշյալ անձանց պատկանող
գույքերի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Գալստյանները
պետք է դատախազության հիշյալ վարչություն ներկայանան՝ ծանոթանալու գործի նյութերին,
ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։ Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը
2021 թ. հոկտեմբերի 2-ին տեղեկացրեց, որ ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը՝ ՀՀ զինված
ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես
խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Գալստյանը «անպիտան հրթիռների» գործով
մեղադրյալներից է և կալանքից ազատվել է գրավի դիմաց։
Ստեփան Գալստյանը Զինված ուժերում
ծառայել է 1992 թվականից։ ԳՇ պետի տեղակալը նախկինում զբաղեցրել է պաշտպանության նախարարության ավիացիայի պետի, ավիացիոն
ջոկատի, զորամասի, ապա բազայի հրամանատարի պաշտոնները։ Իսկ Գլխավոր շտաբի պետի տեղակալ
նշանակվել է 2009 թ. հունվարին:
Նշենք, որ դեռևս 2012 թվականին
Hetq.am-ը գրել էր (https://hetq.am/hy/article/21233), որ ծնունդով մարալիկցի Ստեփան Գալստյանը սեփական
ավիաընկերությունն ունի։ 2012 թվականին Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի
«Մայա-Մայա» օդանավակայանի մոտ ինքնաթիռ էր ընկել։ Արդյունքում զոհվել էին անձնակազմի
7 անդամները, որոնցից 5-ը հայեր էին։ Պարզվեց, որ ինքնաթիռը պատկանում էր հայկական
«Ռիջ Էյրվեյս» («Ridge Airways») ընկերությանը: Պետռեգիստրի կայքում ընկերության սեփականատեր
է նշված Սերգեյ Քոչարովը: Ինքնաթիռը, սակայն, ըստ «Հետքին» նամակ գրած օդաչուի, պատկանում
էր ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, բայց գրանցված էր նրա կնոջ՝
Նատալյայի անունով: Ավելին, չունենալով շահագործման թույլտվություն, ամիսներ շարունակ
ինքնաթիռը ապօրինի է շահագործվել։ ՊՆ-ն հերքել էր
գեներալ Գալստյանի առնչությունն այս ամենին: Գերատեսչության հայտարարության
մեջ նշվել էր, թե նմանատիպ լուրերը զինված
ուժերին վարկաբեկելու նպատակ ունեն: «Դժվար է պատկերացնել, որ կառույցը կարող էր հայտարարել,
թե, այո,
նշված ընկերությունը պատկանում է գեներալին»,- նկատել էր կայքը:
Նատալյա Գալստյանն էլ, ինչպես
FIP-ն էր գրել (https://fip.am/17110), ակտիվ բիզնես գործունեություն է ծավալում, զբաղեցնում
է ղեկավար մարմնի պաշտոններ, ունի բաժնեմասեր մի շարք ընկերություններում։ Գալստյանը Գոմքի փոքր հիդրոէլեկտրակայանը (ՓՀԷԿ)
շահագործող «ՆԱՏԷՆԵՐԳՈ 68» ՍՊԸ-ի սեփականատերն է։ ՓՀԷԿ-ը գտնվում է Վայոց ձորի
մարզում՝ Զառիթափ համայնքի Գոմք գյուղի վարչական տարածքում: Այն կառուցված է Արփա գետի
Կապույտ վտակի վրա։ ՊՆ ավիացիայի նախկին պետի կինը «ՌԻՋ ԷՅՐՎԵՅՍ» ՍՊԸ-ի հիմնադրման
օրվանից՝ 2011 թվականից, զբաղեցնում է ընկերության տնօրենի պաշտոնը։ Հենց այս ընկերության
օդանավն էր, հիշեցնենք, ընկել Կոնգոյում: Ստեփան Գալստյանի կինը շուրջ մեկ տարի՝
2011-2012 թվականներին, տնօրեն ու բաժնետեր է եղել նաև «ԷՆԵՐՋԻ ԿՈԿ» ՍՊԸ-ում։ Նշենք,
որ «ԷՆԵՐՋԻ ԿՈԿ» ՍՊԸ-ն շահագործում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող «Խաչաղբյուր»
փոքր հիդրոէլեկտրակայանը։
Գլխավոր շտաբի պետի տեղակալի
կինը 50% բաժնեմաս ունի 2014
թվականին հիմնադրված «ՋԻ ԷՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում։ Գալստյանն այս ՍՊԸ-ում զբաղեցնում է նաև
տնօրենի պաշտոնը։ «ՋԻ ԷՄ ԳՐՈՒՊ»-ը հիմնադրման օրվանից մինչ օրս Զինծառայողների ապահովագրության
հիմնադրամին է վճարել ամսական ընդամենը 1000 դրամ, այսինքն՝ ունեցել
է ընդամենը մեկ աշխատակից։
Հ. Մ.