Մայիսի 29-ից հունիսի 9-ը Հյուսիսային Եվրոպայում կանցկացվեն ռազմաօդային ուժերի Arctic Challenge Exercise 2023 (ACE 2023) զորավարժությունները․ գրում է
ՏԱՍՍ-ը։ Կազմակերպիչներն են՝ Դանիան, Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան։ Վերջինիս վստահված է զորավարժությունների ղեկավարումը և դրանց անցկացման պատասխանատվությունը։
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 120 ինքնաթիռներ, այդ թվում՝ տանկերներ և հսկիչ ինքնաթիռներ, ինչպես նաև 14 երկրների շուրջ 2,7 հազար անձնակազմ։
Զորավարժություններին ներգրավված ինքնաթիռները օդ կբարձրանան Շվեդիայի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի օդանավակայաններից։
ACE 2023-ին կմասնակցեն Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան և Շվեդիան։ Զորավարժություններին կմիանա նաև ՆԱՏՕ-ն, որը կուղարկի իր AWACS հետախուզական և վերահսկիչ ինքնաթիռները։
ACE զորավարժություններն անցկացվում են վեցերորդ անգամ՝ հյուսիսային համագործակցության և միջսահմանային համաձայնագրի շրջանակներում։