Վարորդների գործադուլի հետ կապված գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել․ Գրիգորյան

Կապված Երևանի հասարակական տրանսպորտի վարորդների հայտարարած գործադուլի հետ՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Այս մասին Սուրեն Գրիգորյանը հայտարարեց դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսի ժամանակ։ 


«Ես հանցագործության մասին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նախաքննություն իրականացվի՝ պարզելու, թե արդյոք Երևանի հասարակական տրանսպորտի վարորդների հայտարարած գործադուլի դեպքում գործ ունե՞նք աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն օբյեկտիվորեն առաջացնում է որոշակի ծանր հետևանքներ, թե՞ առնվազն առանձին անձանց մասով մենք գործ ունենք մի երևույթի հետ, որ նրանց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև՝ քրեական օրենսդրության»,-մանրամասնեց Գրիգորյանը: