Հանրային քննարկման է ներկայացվել Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և www.e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։


Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագրով սահմանվելու է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և վերջինիս հասնելու արդյունավետ ճանապարհը․ նպատակը՝ զբաղվածության աճի ապահովումն է` մրցունակ ու զբաղունակ աշխատուժի ձևավորման, ինչպես նաև բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով: 


Ըստ այդմ, ռազմավարական ծրագրի շրջանակում սահմանվելու են հետևյալ ռազմավարական նպատակները`


  • մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ,
  • 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով,
  • կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով, մասնավորապես, թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը,
  • ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով,
  • զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:


Նախագծի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար կարելի է այցելել հետևյալ հղմամբ։