Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը քաղաքականացված է համարում ռուսական «Վեստի» հեռուստաալիքի հրապարակման մեջ Հրազդանի «Firebird AI» կենտրոնի հնարավոր հետախուզական նշանակության մասին հնչած գնահատականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ։
«Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է»,– ասել է նախարարը։
Լրագրողի հարցին, թե արդյոք կենտրոնը կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, Թադևոսյանը պատասխանել է ավտոմեքենայի օրինակով․ այն նույնպես հնարավոր է օգտագործել հանցագործություն կատարելու համար, սակայն դա պատճառ չէ ավտոմեքենաների օգտագործումն արգելելու։
Նախարարը միաժամանակ առաջարկել է հնարավոր վտանգների վերաբերյալ կոնկրետ տեղեկությունները գրավոր ներկայացնել նախարարությանը։
«Ցանկացած այդպիսի շահարկում կարող է լինել, բայց դա քաղաքականացված է, դա լուրջ չէ։ Որևէ փաստի առկայության դեպքում ներկայացրեք՝ սիրով նստենք, քննարկենք, հասկանանք»,– ասել է Թադևոսյանը։
Հարցին, թե որքան է Միացյալ Նահանգների ներդրումը նախագծում, նախարարը պատասխանել է, որ դրա ֆինանսավորմանը մասնակցել է հայաստանյան ֆինանսական կառույցների կոնսորցիումը։