Գյումրիում ՏԻՄ ընտրությունները հրաշալի առիթ են, որ ընդդիմությունը «ժաժ գա»՝ մասնակցի ու ապացուցի՝ ո՞ւմ «ռեյտինգն է գահավիժել»

Եվ այսպես, ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիում ամիսներ անց՝ մարտի վերջին, տեղի կունենան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Սա նշանակում է,  որ կառավարությունն իր այս որոշմամբ  քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին,  մասնավորապես նաև իշխանափոխություն տենչացող խորհրդարանական ընդդիմությանը, քաղաքական իրական,  ռեալ օրակարգով ապահովեց՝ միացնելով այդ ուղղությամբ աշխատելու ժամանակաչափը։  


Ընդդիմությունն, արդ, վերջապես կարող է դադարել աննյութ ու ժամանակավրեպ թեմաներ ծամծմելուց,  նախկին և կամ հեռացված ՔՊ-ականների՝  Հովիկ Աղազարյանի,  Հակոբ Ասլանյանի «դարդով տապակվելուց» և զբաղվել սեփական «դարդերով»՝ ունեցած-չունեցած ռեսուրսը մոբիլիզացնել,  նախընտրական ցուցակ կազմել, համայնքապետի ուժեղ, անխոցելի,  ֆավորիտ թեկնածուներ գտնել, մի խոսքով՝ թաթախվել նախընտրական գործընթացում՝  իշխանափոխության փափագը փորձելով  նախ իրագործել  ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ «հայրաքաղաքում»։ Թեև 2023-ին Երևանում  տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չմասնակցեցին, նախկին ռեժիմի հետ  աֆիլացված ուժերին էլ չհաջողվեց «վերցնել» իշխանությունը մայրաքաղաքում,  սակայն  գուցե Գյումրին ստիպի  «Նիկոլի գահավիժող ռեյտինգի» մասին ամենօրյա ռեժիմով  թութակողներին «ժաժ գալ»՝ ռիսկի դիմել  ու, մասնակցելով  արտահերթ ընտրական գործընթացին,  ապացուցել՝ էդ ո՞ւմ ռեյտինգն է իրականում գահավիժել՝ ՔՊ-ի՞, Փաշինյանի, թե՞, այնուամենայնիվ,  իրենց։ 


Հարկ է նկատել, որ դեռ նախընտրական գործընթացը չմեկնարկած՝ արդեն իսկ կանխակալ պնդումներ են արվում, թե՝ ՔՊ-ն Գյումրիում վարկանիշ չունի։ Այդ պնդումների  հիմքում էլ մի զավեշտական հիմնավորում է դրվում,  ըստ որի՝  համայնքում  տեղի ունեցած՝ համայնքի ղեկավարի ժ/պ-ի նշանակման համար օրերս տեղի ունեցած  «փրայմերիզի» ժամանակ առավելագույն ձայներ է հավաքել ոչ թե «իքս» ՔՊ-ականը, այլ անկուսակցական Սարիկ Մինասյանը։  ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն, ի դեպ, անդրադառնալով այս պնդմանը, նկատել է՝ Մինասյանը ժ/պ-ի՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հավանությանն  արժանացած թեկնածուն է, ապա հավելել է՝  «ուրախ եմ, որ առաջիկայում Գյումրու ընտրություններում հենց նա է լինելու «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեր թեկնածուն»։ Ինչ վերաբերում է ՔՊ-ի ցածր վարկանիշ ունենալուն, ապա, ըստ նախարարի.  «Բացառում եմ, որ Գյումրիում ցածր վարկանիշ ունի, որովհետև 2021 թվականի ընտրություններն առնվազն խոսում են բարձր վարկանիշի մասին»։  


Արդ, վերհիշենք, թե որքա՞ն ձայն էր ստացել ՔՊ-ն 2021-ին Գյուրիում տեղի ունեցած  ՏԻՄ ընտրություններում և դրանից մի քանի ամիս առաջ՝ հունիսին, տեղի ունեցած համապետական՝ ԱԺ արտահերթ ընտրություններում։  


2021 թ. հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստացել էր 29.53%  կամ 7 786 ձայն,  «Բալասանյան դաշինք»-ը, որի ներկայացուցիչ համայնքապետ Վարդգես Սամսոնյանը շաբաթներ առաջ որոշեց լքել իրեն վստահված «պոստը»՝ հրաժարական տալ  ու կառավարման ճգնաժամ առաջացնել Գյումրիում, ստացել էր 36.53% կամ 9 631 քվե։  Նշենք, որ ընտրություններին մասնակցում էր քաղաքական 10 ուժ, ավագանին էլ ձևավորեցին «Բալասանյան դաշինք»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ կազմելով կոալիցիա (կոալիցիոն համագործակցության հուշագիրը ՔՊ-ն միակողմանի խզեց  մեկ տարի առաջ այս օրերին), ինչպես նաև  «Ապրելու երկիր» (5.64%), «Զարթոնք» (10.59%), «Հանրապետական» (5, 09%) խմբակցությունները։


Ի դեպ, Գյումրին այն քաղաքն է, որը տարիներ շարունակ ասոցացվում էր ՀՀԿ-ական թերևս ամենաէքսցենտրիկ, կրիմինալ պատմությունների կենտրոնում հայտնված, սկանդալներից աչք չբացած  կերպարներից մեկի՝ Վարդանիկի, նույն ինքը  Վարդան Ղուկասյանի հետ, որը քաղաքի  «գուբեռնատորն» էր 1999 թվականից մինչև 2012 թվականը. երեք անգամ, ինչպես ինքն էր մի առիթով նշել, իր սենյակում  հանգիստ նստած «ընտրվել» և ղեկավարել է հայրենի քաղաքը։  Հընթացս հիշեցնենք.  ՀՀԿ-ն լքած (գուցե ստիպողաբար)  Վարդան Ղուկասյանը «տրանսֆեր» եղավ մեկ այլ կուսակցություն՝ ԲՀԿ, ու 2017-ին պատգամավոր դարձավ Ծառուկյանի թևի տակ  ծվարելով։ Ղուկասյանից հետո՝ 2012-ին,  Գյումրու ղեկն իր ձեռքն առավ  նախկին երդվյալ ՕԵԿ-ական,  «ճակատիս ՕԵԿ-ա քանդակած» խոսքերի հեղինակ Սամվել Բալասանյանը, որը հետո, ինչպես հայտնի է,  մոռանալով իր  ճակատի «գրի» մասին, Ղուկասյանի օրինակով  ծվարեց Գագիկ Ծառուկյանի կուսակցությունում։  2015 թվականին, երբ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից, Բալասանյանը լքեց ԲՀԿ-ն, սակայն մնաց նույն պաշտոնում՝ որպես Գյումրիի անկախ քաղաքապետ։


Ի դեպ, այս երկու նախկին «օրիգինալ» համայնքապետերի օրոք  օտարված 24 գույքերը համայնքին վերադարձնելու պահանջով «Քաղաքացիական պայմանագիր»-ը ամիսներ առաջ դիմել է վարչական դատարան։  Դատարան դիմելու առաջարկն ավագանուն արել էր Գլխավոր դատախազությունը՝ հղում անելով Վճռաբեկ դատարանի մի որոշման, ըստ որի՝ նման դեպքերում առաջնային իրավունքը համայնքային իշխանությանն է տրված։  «Քաղաքացիական պայմանագիր»-ը պնդում է՝  տարիներ առաջ տեղի ունեցած օտարումները ապօրինի են, օրինակ՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գորկու զբոսայգու մի մասը, Սև բերդին հարակից հողատարածքները, և դրանք պետք է դատարանի վճռով քաղաքին վերադարձնել։  


Հարկ է նշել, որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ էլ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում ստացել է 28 հազար 246  ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 7 698  ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 1 424 ձայն։ 


Թե տոկոսներն ինչպե՞ս կխոսեն գալիք ընտրությունների ժամանակ ու որ ուժի հաղթանակի մասին կազդարարեն՝ կիմանանք  3 ամիս անց։


Հ. Մ.