Կյանքի 64 տարին նվիրեց մարդկանց փրկությանը. մահացել է բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը

85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Տեղեկությունը հայտնում է Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում։


«85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին: Շատ դժվար է խոսել Ձեր մասին անցյալ ժամանակով։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, բոլորիս անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։ Հանգչեք խաղաղությամբ, Հայրո Միխայլովիչ»,– գրել է Մուրադյանը։


Նշենք, որ Հայրապետ Գալստյանը 1960 թվականին ավարտել է ԵՊԲՀ–ն։ 2002-2014 թվականներին ղեկավարել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:


Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: Ղեկավարել է գիտական աշխատանքներ, կատարել հազարավոր վիրահատություններ:


Գալստյանը Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ էր, բժշկագիտության նվիրյալ, որն անուրանալի ավանդ ունի Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում։