Պետության կողմից երաշխավորված անվճար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) ծրագրից օգտվող շահառուների թիվը, ծրագրի ընդլայնումից հետո, նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 1000-ով: Այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ այդ մասին ասաց նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։
Գասպարյանն ընդգծեց, որ 2023 թվականի 5441 շահառուի համեմատ պետության կողմից երաշխավորված անվճար «ԷԿՈ» ծրագրին 2024 թվականի մինչև հոկտեմբեր ամիսը 6370 կին է դիմել:
«Նախկինում, մինչև ծրագրի ընդլայնումը, երկրորդային անպտղության դեպքում ծրագրից օգտվելու հնարավորություն էինք տալիս միայն սահմանամերձ բնակավայրերում ապրող կանանց, իսկ այժմ՝ բոլորին: Դեռ ևս երկու ամսվա ցուցանիշները չունենք, բայց, միանշանակ, այդ թիվը մինչև տարեվերջ ավելի է բարձրանալու»,-հավելեց փոխնախարարը՝ մանրամասնելով, որ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում 2020 թվականից առ այսօր 898 երեխա է ծնվել, որից 81-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքում: