«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու Սրբուհի Հովհաննիսյանը մտադիր է ընդլայնել բիզնեսը

Սրբուհի Հովհաննիսյանը Վայոց ձորի Խնձորուտ գյուղում է ապրում։ Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց նաև զբաղվում է չրագործությամբ։ 


Ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, տանձ, կեռաս ու անգամ ընկույզի չիր․ Սրբուհու չրերի տեսականին մեծ է, իսկ վերջինը՝ ընկույզինը, յուրահատուկ ու արդեն պահանջված նորույթ է։ 


Գարնանը, իմանալով «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասին, որոշել  է դիմել աջակցության ծրագրին և չի սխալվել. հայտնվել է լավագույն 42-ի շարքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում ՝ Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ստանալով 1մլն դրամ դրամաշնորհ՝ Սրբուհի Հովհաննիսյանը ձեռք է բերել սառնարան, սառցարան, պահարաններ, տարաներ, տեսախցիկ, հակահրդեհային համակարգ և արտադրամասը դարձրել է լիարժեք։ 


Սրբուհին աջակցության ծրագրերը կարևոր է համարում, ասում է՝ դա մեկ քայլ առաջ գնալու հիանալի հնարավորություն է։ 


««Իմ Քայլը» հիմնադրամի շնորհիվ ես կարողացա ավելի մեծ նպատակներ իրականություն դարձնել, այն, ինչ ես պետք է անեի մի քանի տարիների ընթացքում,  կարողացա անել մի քանի ամսվա ընթացքում։ 1 մլն դրամը սկսնակ գործարարի համար բավականին մեծ աջակցություն է»,- ընդգծում է Սրբուհի Հովհաննիսյանը։ 


Չրագործը մտադրված է առաջիկայում ընդլայնել թե՛ արտադրության ծավալները, թե՛ արտադրատեսակները։ Մյուս տարի նաև աշխատակիցներ կընդունի, միայնակ արդեն չի հասցնում։ Հպարտանում է, որ գյուղում, հատկապես երբ այն սահմանամերձ է, աշխատատեղ է հիմնում, քանի որ ստեղծված յուրաքանչյուր նոր աշխատատեղ մի նոր ընտանիքի համար կայունանալու և գյուղում մնալու հնարավորություն է։