Տարիներով անմխիթար վիճակում գտնվող Անի համայնքը մեծ թափով զարգանում է

Այս տարի Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են երեք գյուղերի մուտքերի ճանապարհների և Մարալիկ քաղաքի փողոցների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքներ։ Որոշ բնակավայրերում, այդ թվում Մարալիկ քաղաքում ասֆալտապատման աշխատանքների մի մասը եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է, դրանք կիրականացվեն 2025 թվականին։


Մեզ հետ զրույցում Անի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը տեղեկացրեց, որ սուբվենցիոն հայտով Մարալիկի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներն ավարտված են, հինգ օրից էլ կտեղադրվեն անձրևատար խողովակները։


Բացի դրանից, Մարալիկում կառուցել են 2000 բնակչի սպասարկող կոյուղի, և շուտով այն կհանձնվի շահագործման։ Ամբողջ համայնքում արդիականացվել, իսկ բացակայող հատվածներում նաև կառուցվել է լուսավորության ցանցը։


 «Նախ առաջինը կուզենամ շնորհակալություն հայտնել. շատ մեծ ծավալի աշխատանքի համար մեծ աջակցություն է ցուցաբերել կառավարությունը՝ սուբվենցիոն հրատապ ծրագրով Մարալիկի կենտրոնական հրապարակը, նախկինում Ձերժինսկի, այս պահին արդեն  Արկադի Տեր-Թադևոսյանի և Հաղթանակի փողոցների ու մայթերի հիմնանորոգման  աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են. 279 միլիոնի ծրագիր է»,- ասաց Արման Սարիբեկյանը։


Նա տեղեկացրեց, որ այս ծավալի շինարարական աշխատանքներ Անի համայնքում  եղել են 88-91 թվականներին։

Համայնքի ղեկավարը նշեց, որ տեսանելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացրել են կոմունալ ծառայության միջոցով, մասնավորապես՝ սելավատարի մաքրման աշխատանքներ, տեղադրվել են նոր աղբամաններ, փոխել են փողոցային լուսավորության 650 կետ, ինչպես նաև 5 կմ մալուխ։

 «Վեց գյուղերում անասունների համար դրել ենք 6 խմոց, 18 500 մետր դաշտամիջյան, 16 500 մետր գյուղամիջյան ճանապարհներ ենք հարթեցրել։ Մեր համայնքային շենքի բոլոր պատուհանները փոխարինվել են նորով, սովետական պատուհաններ էին»,- ասաց համայնքապետը։ 

Համայնքային երեք մանկապարտեզներից երկուսը բարերարի միջոցներով վերանորոգվել են, իսկ իրենց միջոցներով Սառնաղբյուրի մանկապարտեզի բոլոր պատուհանները փոխարինել են, նաև մեծ ծավալի գույք են տրամադրել։ Բացի դրանից՝ մոտ մեկ ամիս առաջ «Կարիտասի» հետ համագործակցության արդյունքում երկու մանկապարտեզների և Լանջիկի մշակույթի տանը արևային կայաններ են տեղադրել, այս գործընթացը կկրի շարունակական բնույթ։ Համայնքի վերանորոգված փողոցներում 40-50 տարվա հին ծառերը փոխարինել են նոր դեկորատիվ ծառերով։

 Համայնքապետը ուրախությամբ նշեց, որ մեծացել է նաև համայնքի բնակիչների իրավագիտակցության մակարդակը։ Եթե 2022 թվականի տարին փակել են սեփական եկամուտների 199,9 միլիոնով, այս տարի արդեն տարին փակում են 332 միլիոնով։ Այս տարի սեփական եկամուտների կատարողականը Անի համայնքում 117 տոկոս է։  


Խոսելով նաև այն մասին, թե ինչպես են նշելու Ամանորը, համայնքապետն ասաց, որ արդեն զարդարվել են փողոցները, հրապարակը, դրել են համայնքի գլխավոր տոնածառը, և ամսի 27-ին հրապարակում կլինի ամանորյա մեծ միջոցառումը, որի ժամանակ համայնքի 3 տարեկանից մինչև չորրորդ դասարանների 2500 երեխաների համար պատրաստել են նվերներ։  

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան