Երևանի քաղաքապետարանը վարչական հայց է ներկայացրել «Սրբազան պայքարի» առաջնորդ Վազգեն Պետրոսի Գալստանյանի դեմ։ Civic.am-ը «Դատալեքս» հարթակից տեղեկացավ, որ հայցվորը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել պատասխանողին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար։
Վարչական հայցը դատարան է մուտգաքրվել օրերս՝ դեկտեմբերի 19-ին եւ
մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին։
Նշենք, որ հայցապահանջի հիմքում դրված Վարչական իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը
վերավբերում է Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգին։ Ըստ այդմ՝ հրապարակային միջոցառումը դադարեցնելու
վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի
Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված
ժամկետում չկատարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի
չափով:
Նկատենք, որ նախքան վարչական հայց ներկայացնելը Երեւանի քաղաքապետարանը
մի քանի անգամ լսումների հրավիրել է Վազգեն Գալստանյանին քաղաքապետարան՝
ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ս. Քոչարյանի
2024 թվականի հոկտեմբերի 3-ի և հոկտեմբերի 7-ի համապատասխան գրություններով
նկարագրված հանգամանքների ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության վարչական
իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված
ենթադրյալ իրավախախտումը կատարված լինելու փաստի քննության նպատակով։ Ըստ ոստիկանության՝
մասնավորապես հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում՝ ժամը 20։30-ի սահմաններում,
առանց ոստիկանության կողմից նշանակված ներկայացուցչին նախապես տեղեկացնելու Վ. Գալստանյանը
«կազմակերպել և իրականացրել է առերևույթ 100-ից ավելի մասնակից ունեցող երթ (երթի մեկնարկի
պահին մասնակիցների թիվը կազմել է շուրջ 1.000, իսկ վերջնակետ հասել են նրանցից մոտ
500-ը)։ Երթն իրականացվել է Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հերացի փողոց-Արմենակյան
փողոց-Հովսեփյան փողոց-Հայաստանի հանրային հեռուստատեսություն՝ ավելի քան 7 կմ երկարությամբ
երթուղով։ Երթի մասնակիցներն ամբողջությամբ նշված երթուղու վերջնակետ հասել են մոտավորապես
ժամը 23։00-ի սահմաններում, որտեղ շարունակել են հավաքը՝ մինչև 03.10.2024 թվականի
ժամը 01։00-ն»։ Հայտնելով վերոգրյալը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը
միջնորդել է քննարկել նշված փաստի առթիվ Լիդյա Մանթաշյանի (նա է իրազեկել քաղաքապետարան-հանրային
հավաքի մասին-խմբ.) և (կամ) Վազգեն Գալաստանյանի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ
գործով վարչական վարույթ հարուցելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցը։
Գալստանյանը, դատելով վերջինիս
Երեւանի քաղաքապետարանի կողմից ուղարկված ծանուցումներից (դրանցում նշվում է, որ Վազգեն
Գալստանյանը «կրկին հրավիրվում» է մասնակցելու) չի ընդունել հրավերը։