Անգեղակոթում ստորագրվեց եռակողմ հուշագիր. Սյունիքում մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկում՝ Որոտան գետի ձախափնյա սարավանդի վրա գտնվող Անգեղակոթ գյուղում, կնքվեց եռակողմ համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջև․ տեղեկացնում են հիմնադրամից։
Ըստ հուշագրի՝ կողմերը նախատեսում են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը ներդնել Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար:
«Իմ քայլը» հիմնադրամի և Ագրարային համալսարանի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» ծրագրով հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է մասնագիտական կրթության նոր մոդել, որը, մի կողմից, հիմնված է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների ու մասնագիտական ձգտումների, մյուս կողմից, համայնքային առանձնահատկությունների ու տնտեսական հնարավորությունների վրա: