Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լյովա Երանոսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին վկաները։ Այս անգամ հարցաքննվեց այն ժամանակ ոստիկանության զորքերի կադրերի բաժնի պետ Արման Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են պաշտպանության նախարարությունում և ռազմական ոստիկանությունում առանձնապես խոշոր չափերով գույք և պետական միջոցները վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու և այլ հոդվածներով։
Վկան նշեց, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Յուլյա Գասպարյանը, նշանակվել է անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետի պաշտոնում, ստացել փոխգնդապետի կոչում, ապա հետ է նշանակվել նախկին պաշտոնին։ Վկան տարեթիվը չհիշեց։
Վկան նշեց նաև, որ ոչ նախկինում, ոչ այդ ընթացքում Յուլյա Գասպարյանին չի ճանաչել, չնայած իմացել է, թե ով է Յուլյա Գասպարյանը։ Արման Ավետիսյկանը նշեց նաև, որ նշանակման իրավասություն ուներ զորքերի հրամանատարը, իսկ կոչում շնորհելու իրավասություն՝ ոստիկանապետը։
Վկան նշեց նաև, որ Յուլյա Գասպարյանի զբաղեցրած նոր պաշտոնում աշխատած, մեկ շաբաթով այդ պաշտոնից ազատված և հետո վերականգնված աշխատակցի հետ ինքը զրուցել է, հորդորել չանհանգստանալ, ասել է, որ ժամանակավոր է, կրկին հետ է վերականգնվելու իր պաշտոնին։ Հարցին, թե ի՞նչ գիտեր, որ կարճ է տևելու, վկան պատասխանեց. «Արդեն որ պարզ էր, թե ինչի համար է արվում այդ կադրային շարժը, ենթադրվում էր, որ կարճ է տևելու»։ Վկան նշեց նաև, որ բանավոր ցուցում ուներ իր անմիջական վերադաս Լևոն Երանոսյանից։ Արման Ավետիսյանը դատավորի հարցին, թե Յուլյա Գասպարյանը ներկայանո՞ւմ էր աշխատանքի ասաց, որ չի հանդիպել, եթե ներկայանար՝ կհանդիպեին։
Դատավորը նաև դիտարկում արեց. եթե աշխատակիցը աշխատանքի չի ներկայանում, ապա վերջինիս ոչ թե պետք է կոչում շնորհվի, այլ չներկայանալու ուղղությամբ պետք է միջոցներ կիրառել։ Վկան էլ ասաց. «Ներկայանալ-չներկայանալը քանի որ իմ իրավասությունների մեջ չէր մտնում, ու կար հանձնարարական այդ գործընթացը իրականացնելու, բնականաբար, էլ չէի կարա մնացած հարցերը տալ»։
Դատավոր.- Չէիք կարող հարցեր տալ՝ հաշվի առնելով Յուլյա Գասպարյանի ա՞նձը, թե՞ քանի որ հանձնարարական կար։
Վկա.- Դե հանձնարարականը գալիս էր ով լինելուց։
Դատավոր.- Յուլյա Գասպարյանին պաշտոնի նշանակելու, առաջխաղացման գնալու և կոչում շնորհելու գործընթացը ձևակա՞ն բնույթ է կրել։ Յուլյա Գասպարյանը ներկայացե՞լ է, փաստաթղթեր ստորագրե՞լ է, որակավորման հանձնաժողովին ներկայացե՞լ է, էդ ամբողջ պրոցեսին մասնակցե՞լ է։
Վկա.- Չեմ հիշում որակավորման հանձնաժողովի նիստ եղել է, թե ոչ, բայց չի ներկայացել։ Ընդհանրապես, էդ գործընթացները իրականացնելիս ծառայողի ներկայությունը կադրերում պարտադիր չի։
Ապա մեղադրող դատախազը հարց ուղղեց վկային, թե ինչո՞ւ էր փաստաթղթերում, որով Յուլյա Գասպարյանին փոխգնդապետի կոչում է տրվել, գրված, որ վերջինս ցուցաբերել է օրինակելի վարք, հաճախել է աշխատանքի և այլն, վկան ասաց, որ դա ստանդարտ տեքստ է, որը նման դեպքերում միշտ գրվում է, սակայն այս դեպքում իրականությանը չի համապատասխանել։
Հաջորդիվ հարցաքննվեց Ռաֆայել Զաքարյանը, ում Վլադիմիր Գասպարյանի հրամանով 2017 թվականին 1-սենյականոց բնակարան է հատկացվել։
Վկան նշեց, որ նախկինում ինքը որևէ խնդրով ոստիկանապետին չի դիմել, 2017 թվականի դեկտեմբերին իրեն զանգել է ոստիկանության տնտեսական վարչության պետը ու հայտնել, որ խրախուսման կարգով իրեն է հատկացվում այդ բնակարանը։
Զաքարյանը նշեց, որ ինքը կարիքավորների հաշվառման մեջ չի եղել, խրախուսման կարգով է ստացել բնակարանը՝ ենթադրելով, որ խրախուսվել է 40 տարվա աշխատանքի համար։ Վկան ասաց նաև, որ 1994 թվականից ունի 3-սենյականոց բնակարան Դավթաշենում, իսկ իրավակարգավորումներից տեղյակ չէ, որով անձը կարող էր բնակարան ստանալու հաշվառման վերցվել նրա վիճակի վատթարացումից սկսած 5 տարի անց։ Զաքարյանը՝ ի պատասխան պաշտպանի հարցի, նշեց, որ Վլադիմիր Գասպարյանի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ, մտերմություն չի եղել։ «Ես անակնկալի եմ եկել, ես չեմ իմացել։ Ես խրախուսանք եմ ընդունել, մինչև հիմա էլ տենց եմ ընդունում։ Ի՞նչ լավություն։ Հիմքում դրված է եղել իմ 40 տարվա աշխատանքային վաստակը»,- ասաց վկան։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ եթե անգամ ընդունենք, որ Զաքարյանին բնակարան հատկացվել է կարգի խախտմամբ, միևնույն է՝ պետք է հասկանալ մեկ հարցի պատասխան՝ այդ խախտումը հանգեցնո՞ւմ է հանցակազմի՞, թե՞ ոչ։ «Այդ հարցի պատասխանը կարող ենք ստանալ մենակ այն պարագայում, եթե գործով հաստատվի հանգամանքը, որ Վլադիմիր Գասպարյանը ունեցել է անձնական այլ շահագրգռվածություն այդ բնակարանը հատկացնելու համար, որովհետև դա այդ հանցակազմի անկյունաքարային նշանակություն ունեցող հանգամանք է», - ասաց Ալեքսանյանն ու ուշադրություն հրավիրեց վկայի հարցաքննությանը, որով վերջինս փաստել է, որ Գասպարյանի և վկայի միջև անձնական, մտերմական հարաբերություններ չեն եղել։
Վլադիմիր Գասպարյանի մյուս պաշտպան Կոչուբաևն էլ նշեց, որ Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում 100-ից ավելի ծառայողներ են պարգևատրվել։ «Էս քրեական գործի սկիզբը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի զեկուցագիրն է, որ էս 3 ծառայողներին ապօրինի բնակարաններ են հատկացվել, մինչդեռ հենց նույն Վալերի Օսիպյանը հենց համանման հրամանով պարգևատրվել և որպես խրախուսանք ստացել է բնակարան, և ակնհայտ է, որ Վլադիմիր Գասպարյանին այս մեղադրանքը մեղսագրելով՝ լուծվել են բացառապես այլ խնդիրներ»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
Վկա՝ տնտեսական վարչության գույքի հաշվառման այն ժամանակվա պետ Կարեն Բաղդասարյանն էլ հարցաքննության ընթացքում նշեց, որ ծառայողներին բնակարան տրամադրելու հիմքը իր համար եղել է վերադասի հրամանը։
Վկան նշեց, որ ներքին անվտանգության վարչություն է ուղարկել հրամանի պատճենը, վկայականի պատճեն։ Իր մոտ եղել են հրամաններ և վկայականներ, այլ փաստաթղթեր չեն եղել։
Դատավոր.- Ձեզ հարց ենք տալիս՝ բնակարանային գործեր կազմվե՞լ են, թե՞ ոչ, ասում եք՝ իհարկե, կազմվել են, քննիչը եկել է... հիմա ձեր նախաքննական ցուցմունքում հստակ նշում եք էն հանգամանքը, որ բնակարանային գործեր չեն եղել, նայել եք, ինչ փաստաթուղթ կա՝ ուղարկել եք, բայց պետք է պարտադիր լիներ դա։ Ձեզ հարցնում եմ՝ խոսե՞լ եք էդ հարցով վարչության աշխատողների հետ, ասում եք՝ չէ։ Նախաքննական ցուցմունք եք տվել, որ խոսել եք վարչության մյուս աշխատողների հետ, թե ինչի՞ Գասպարյանի, Զաքարյանի, Սասունյանի դեպքում բնակարանային գործերը չեն կազմվել, ու նշում եք, որ դա պարտադիր էր։ Էլ չեմ ասում, որ դատախազը Ձեզ հարց ա տալիս, թե կառավարության որոշումներին ծանո՞թ եք, ասում եք՝ դա ինձ չի հետաքրքրում, իմ հիմքը եղել է ոստիկանապետի հրամանը։ Բայց ձեր նախաքննության ցուցմունքում մենակ մի 2 էջ կառավարության 2007-2008 թվականի բնակարանների հատկացման որոշումներն եք նկարագրել։ Հիմա էս հակասություններն եմ ուզում հասկանալ...
Վկա.- Ինչ վերաբերում է կառավարության որոշումներին՝ հրամաններում պարտադիր նշվում է՝ հիմք ընդունելով կառավարության էսինչ որոշումը։ Ինչ վերաբերում է որոշման էս կետին, էն կետին, մեր հարգելի քննիչը ինձ լսելուց հարց ա տվել՝ Դուք ծանո՞թ եք կառավարության որոշմանը, ասել եմ՝ չեմ ուսումնասիրել, մենք բանավոր զրույց ենք արել։ Ինքը բացում ա որոշումը, ցույց ա տալիս ինձ, տես էս կետով, էն կետով և այլն, և այլն, ու էդ ամբողջ շարադրաքը ինքը նշում ա, դե կառավարության որոշում ա, ես անգիր չեմ հիշում, ինքը ցույց ա տվել, ես նույն պատասխանը տվել եմ, որ ի պաշտոնե արել եմ իմ գործողությունները՝ հաշվառել, հաշվառումից հանել։ Նենց չի, որ կառավարության որոշումը անգիր հիշում եմ։
Դատավոր.- Որևէ մեկը, այդ թվում՝ կառավարության մեր հարգելի անդամները չեն կարող հիշել էդ ծավալի որոշումները։ Ձեզանից որևէ մեկը չի պահանջում հիշել։ Լավ, քննիչը համակարգչով բացեց, Դուք ասում եք՝ այ կառավարության 11, 12, 13, 14 կետերով պետք ա լինի, հիմա ինձ, որ 100 հատ էդ կառավարության որոշումներից բացեք, ես էդ կարգին ծանոթ չեմ, որ ինձ քննիչը հարցաքննի, որ ինձ ծեծի էլ, ես չեմ կարող էդ հանգամանքների վերաբերյալ որևէ ցուցմունք տամ։ Ոստիկանության գնդապետ եք, հարգելիներս։ Ի վերջո, իմ մոտ տպավորություն ա, որ ես ժամկետայինների եմ հարցաքննում։ Լավ, ի վերջո Դուք եք ցուցմունք տվել, Ձեզ ստիպե՞լ է քննիչը, որ էդ 13, 14, 15-րդ կետերը նշեք։ Եթե ստիպել ա՝ ասեք, ես դիմեմ գլխավոր դատախազին, թող քննիչի վրա վարույթ հարուցեն։ Ի վերջո, սա դատարան ա։ Ձեր ցուցմունքով ես որոշում եմ Վլադիմիր Գասպարյանի ճակատագիրը՝ ինչքան էլ որ վերամբարձ հնչի։ Ձեր ցուցմունքով որոշելու եմ Թունյանի ճակատագիրը, Գրիգորյանի և Երանոսյանի ճակատագիրը։ Եթե 3-ի դեպքում արդեն թոշակի են անցել, Գրիգորյանը կարող է ծառայության անցնել։ Լավ, մի քիչ լուրջ վերաբերվեք էս հարցին։ Ձեզ խնդրե՞լ են, որ ինչ-որ հանգամանք դատարանում այս կամ այն լույսի ներքո ներկայացնեք։ Քննիչը ստիպե՞ց, որ գրեք։
Վկա.- Ես նորից եմ ասում՝ քննիչը բացել ա կառավարության որոշումները, ընթերցել եմ կետերը, ճիշտ ասացիք, ոչ ոք չի հիշում։ Փաստաթղթերը՝ իմ մոտ ինչ եղել ա, եղել ա։ Դուք ասում եք՝ գրություն կա, որ գործեր չկան։ Ես հիշում եմ, որ իրավաբանական վարչությունում եղել են գործեր, որ էդ հարգելի քննիչի մոտ պետք ա լինի։
Վկան նշեց, որ Զաքարյան Ռաֆիկի և Գարեգին Գասպարյանի հարցերով ընդհանրապես չի զբաղվել։
Դատավորը արձանագրեց, որ վկան, ըստ էության, չպատասխանեց իր հարցերին, և անիմաստ է համարում այս վկայի՝ իր կողմից հարցաքննության շարունակությունը և չի կարող գնահատել ասածների արժանահավատությունը։ Այսպիսով վկայի հարցաքննությունն ավարտվեց։
Հաջորդ վկան նշեց, որ դիմել է վերադասին բնակարան ստանալու համար, 2017-ին ստացել է բնակարան։ Այլ բնակարան այդ ժամանակ չի ունեցել, բնակվել է հայրական տանը։
Դատական նիստը ավարտվեց, հաջորդ նիստը կկայանա հունիսի 28-ին ժամը 10-ին, որի ընթացքում կշարունակվի մյուս վկաների հարցաքննությունը։
Վովա Հակոբյան