Վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել. Սիմիդյան

 Ըստ տարեկան դիտարկումների՝ վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել: Այս մասին հունվարի 10-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:


«Վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն, ըստ տարեկան դիտարկումների, չի գրանցվել: 2024 թվականի ամռան շրջանում, ըստ էության, դիտվել է փոշու կոնցենտրացիայի նվազում, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների տվյալները շատ չեն տարբերվում 2022-23 թվականների տվյալներից»,- ասաց Սիմիդյանը:


Նախարարը նշեց, որ  Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային օդի մասով դիտարկվում են մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի և ըստ բաղադրության չտարբերակված փոշու պարունակությունները: