Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Իմ տպավորությամբ՝ մենք ոչ պատշաճ ուշադրությամբ ենք մինչև այժմ վերաբերվել Հայաստանի Հանրապետության օրհներգին: Ըստ էության` դե յուրե անհասկանալի է եղել, թե որն է ՀՀ պաշտոնապես հաստատված օրհներգը. այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:


Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի հերթական նիստում:


«Մենք առաջարկում ենք, որ համապատասխան լիազոր մարմինը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, օրենքն ընդունելուց հետո հրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները, այդ թվում` և՛  կարճ, և՛ վոկալային, և՛ գործիքային տարբերակները, և դա կլինի բացառապես ՀՀ պաշտոնական օրհներգը»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը:


Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով օրհներգի կարճ տարբերակի սահմանմանը, օրհներգի խախտման դեպքում նախատեսվող պատասխանատվության դրույթներին:


Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը, ողջունելով առաջարկվող փոփոխությունները, կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ 2006 թվականին հաստատված տարբերակով օրհներգը հնչեցնելու պարտավորություն կա հանրակրթական դպրոցներում և բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաև նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններն այն տրամաբանությամբ, որ պետական քաղաքականությունը պետք է միասնական լինի բոլոր կրթական հաստատությունների պարագայում:


Մտքերի փոխանակության ձևաչափով պատգամավորներն անդրադարձել են օրհներգի կատարման խախտումներին վերաբերող դեպքերին:


«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ չափազանց կարևոր հարց է քննարկվում, սակայն, նրա կարծիքով՝ նախագիծը պատրաստ չէ ԱԺ լիագումար նիստում ներկայացման: Նա տեղեկացրել է, որ չեն մասնակցի նախագծի քվեարկությանը` առաջարկելով կազմակերպել աշխատանքային քննարկում և ամբողջացնել այն:


Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: